“Իմ Չինական Պատմությունը” ծրագիրը իրականացվում է Կոնֆուցիուսի ինստիտուտի նախաձեռնությամբ
Չինաստանն Այսօր,Հունվար 31,2022: Կրթությունը մեր կյանքի կարևոր մասն է: Այժմ շատ երիտասարդներ գնում են արտերկրում սովորելու և բարելավելու օտար լեզվի իմացությունը, ճանապարհորդում ու ծանոթանում են տվյալ երկրի մշակույթին, շփվում տարբեր մարդկանց հետ, ձեռք բերում նոր ընկերներ, ինչն, անխոս, ընդլայնում է մտահորիզոնը, տալիս մեծ փորձ ու հնարավորություններ` հետագայում լավ ապագա կառուցելու։
2017թ-ին դիմելով Կոնֆուցիոսի ինստիտուտի կրթաթոշակային ծրագրին ես մեկնել եմ Նանկինի Համալսարան ուսանելու մեկ կիսամյակ։ Նանկինի Համալսարանը(南京大学) Չինաստանի ամենահին ու հայտնի ուսումնական հաստատություններից մեկն է։ Համալսարանն առանձնանում է բարձր որակավորում ունեցող դասախոսական կազմով, ուսուցման բարձր չափանիշներով, իսկ արտասահմանցի ուսանողներին տրամադրվում է ուսման և ապրելու գերազանց պայմաններ։ Նանկինի Համալսարանն ունի դասերի յուրահատուկ ձևաչափ ու բացի բուն լեզվի դասընթացներից կարելի է մասանկցել տարբեր խմբակների ու մշակութային միջոցառումների։ Դասերի ընթացքում ստանում էինք թե՛ խմբային, թե՛ անհատական առաջադրանքներ, դիտում տեսանյութեր, պատրաստում էինք տարբեր թեմաներով գործնական աշխատանքներ, իսկ համալսարանը պարբերաբար կազմակերպում էր տարբեր միջոցառումներ։
Համալսարանը գտնվում է Նանկին քաղաքի կենտրոնում։ Նանկինը (թարգմանաբար` «Հարավային մայրաքաղաք») շատ կարևոր դեր է խաղացել Չինաստանի պատմության և մշակույթի մեջ՝ լինելով Չինաստանի պատմական մայրաքաղաքներից մեկը: Այն հին, գեղեցիկ ու մարդաշատ քաղաք է։ Առավել հայտնի վայրերն են Սուն Յաթ-Սենի դամբարանը, Կոնֆուցիոսի տաճարը, Սյուանու լիճը , Ծիմին բուդդայական տաճարը և այլն։
Քաղաքն իր մեջ միավորում է ինչպես ժամանակակից միտումներով բարձրահարկ շենքեր, այնպես էլ հարուստ պատմամշակութային կառույցներ։ Այստեղ կա այն ամենը, ինչը կարող է հետաքրքրել առաջին անգամ Չինաստան եկած մարդկանց `հսկայական երկնաքերեր, պայծառ ու գունագեղ փողոցային եռուզեռ, գեղեցիկ զբոսայգիներ, տաղավարներ, թանգարաններ, և իհարկե, չինական համեղ ու յուրօրինակ խոհանոցը: Չինաստանում անցկացրած ժամանակը շատ մեծ նշանակություն ունեցավ իմ կյանքում։ Այդ ընթացքում կարողացա բարելավել չինարենի իմացությունը, շփվել չինացիների և արտասահմանցիների հետ, ավելի լավ հասկանալ ու սիրել Չինաստանն ու չինական մշակույթը։ Իսկ Նանկինը ինձ համար դարձավ սիրելի ու շատ հարազատ քաղաք։
«Ուր էլ որ գնաք, գնացեք ձեր ամբողջ սրտով»: — Կոնֆուցիուս
Անի Աղայան