Խորհրդային և հայկական փորձարարական կինոյի ռահվիրա, ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի միջազգային մարաթոնը շարունակվում է: Չէր հասցրել նրա`«Բնիկները» ֆիլմը ցնցել Բուենոս Այրեսում այս պահին անցկացվող «Այցելուները» ցուցահանդեսը, երբ տեղեկացանք այն մասին, Փելեշյանական կինոն հասել է Չինաստանի Շանհայ մեգաքաղաք, ավելի կոնկրետ Խուանպու գետի ափ` ժամանակակից արվեստի Չինաստանի առաջին հանրային թանգարան:
Հոդվածի հեղինակ Լիլիթ Սոխակյանը նշում է, թանգարանը կրում է «Power Station of Art» անվանումը, այցելուների առաջ իր դռները բացել է 2012 թ.-ին: Իսկ ինչո՞ւ հենց էլեկտրական ցանց (խմբ. թանգարանի անվանման բառացի թարգմանությունը). պարզվում է, մինչ թանգարան դառնալը, այդ շենքում գործել է հոսանքի կայան, այդ ահռելի տարածքը հնարավորություն է ընձեռում կազմակերպել տարբեր մասշտաբի ու թեմատիկայի, և լոկալ, և միջազգային բնույթի ցուցահանդեսներ և մշակութային միջոցառումներ:
«Հետաքրքիր մի դետալ՝ յոթ հարկանի այս թանգարանում բացակայում է չորրորդ հարկ հասկացությունը: Սնահավատ չինացիներն ամեն հարցում խուսափում են չորս թվի արտասանությունից, քանզի այն համահունչ է մահ բառին: Թվում է, թե Չինաստանի առաջին ժամանակակից արվեստի թանգարանը կարող էր և շրջանցել պապենական այս սնահավատությունը, բայց աշխատակիցները վկայում են՝ այդ դեպքում այցելուների թիվը շեշտակի կնվազեր», – գրում է Լ.Սոխակյանը:
Հենց այստեղ է կազմակերպվում Շանհայի Բիենալեն, որի շրջանակներում ապրիլի 25-ին մեկնարկել է «Գեղեցիկն այլուր է» (խմբ. Beautiful Elsewhere) վերտառությամբ ցուցահանդեսը, որում ներկայացված է «Cartier» Փարիզի ժամանակակից արվեստի հիմնադրամի լուսաշող հավաքածուն: Հենց այդ ցուցադրության ընթացքում է անդադար ընթանալու Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակները» ֆիլմը որպես արվեստանմուշ:
«Մանրամասնեմ․ սա ֆիլմի դիտում չէ՝ կազմակերպված ցուցահանդեսի շրջանակներում: «Տարվա եղանակները» ցուցադրվելու է անդադար, առավոտից երեկո, երեք ամիսների ընթացքում, ինչպես քանդակը կամ լուսանկարը կցուցադրվեր թանգարանային տարածքում: Ցուցահանդեսի կազմակերպիչներն ավելի քան վստահ են՝ Արտավազդ Փելեշյանի ֆիլմը գրավելու է չինացի այցելուների ուշադրությունն ու հերթական անգամ տպավորելու իր յուրահատկությամբ», – եզրափակում է հեղինակը:
Միքայել Մարգարյան / Լիլիթ Սոխակյան