Պատմական էքսկուրսի մեկնարկին խոսքենք հայ և չին ժողովուրդների դարավոր բարեկամության մասին: Հայտնի է, որ հայերն ու չինացիները առնչվել են իրար դեռևս հնագույն ժամանակներից: Երբ ասում ենք Չինաստան, իսկույն պատկերացնում ենք Չինական մեծ պարիսպը, մետաքսը, ճենապակին, լապտերներն ու հովհարները: Մարդկությունը պարտական է չինացիներին թղթի, վառոդի, կողմնացույցի և տպագրական գործի գյուտերի համար:Պատմագետ, կինոռեժիսոր ու հետազոտող Ռուբեն Գինեյը կօգնի մեզ տարբերել առեղծվածը` ստուգված փաստից…
Պատմական աղբյուրներում բազմաթիվ վկայություններ են պահպանվել այն մասին, որ դեռևս մեր թվարկությունից առաջ հայերը առևտուր անելու նպատակով ուղևորվում էին Չինաստան, բերելով չինական մետաքս ու ճենապակի, իսկ Հայաստանից տանում էին դեղաբույսեր, հանքային ներկեր և իհարկե՝ որդան կարմիր, որով ներկում էին չինական ու հնդկական մետաքս: Հետազոտողները պնդում են, որ մ.թ.ա. 4-րդ դարից ի վեր ձևավորվել էին հայ-չինական հարաբերությունները:
Լեգենդներից. «Հայաստան»-ը չինարեն հնչում է 亚美尼亚 («Յա-մեյ-նի-յա»), որը բառացիորեն նշանակում է «Ասիայի գեղեցիկ միանձնուհի»: Այդուհանդերձ Ռուբեն Գինեյը ընդգծում է` այդ կարծիքը տասնյակ տարիներ պտտվում է հայկական աղբյուրներում:
«Զբոսաշրջության տեսանկյունից գեղեցիկ է հնչում, բայց իրականում Յա-մեյ-նի-յա»-ն պարզապես Արմենիա բառի չինարեն տրանսկրիպցիան է: Եվ ոչ մի չինացի այն չի ընկալում որպես թարգմանություն»
Մյուս կողմից, հայերենում կա «չնաշխարհիկ» բառը, որը նշանակում է շատ գեղեցիկ, հոյակապ, հիասքանչ: Իսկ բառացի` չինական աշխարհից բերված:
«Չեների երկիր` 6-րդ դարում Միջին Ասիան, 11-րդ Հնդկաստանի հյուսիսը, և հետո միայն վերաբերվել է Չինաստանին», – պարզաբանում է Գինեյը:
Որոշակի կապեր են եղել միջնադարյան հայկական և չինական գեղանկարչությունների միջև: Կիլիկիայի դպրոցի մանրանկարներում հանդիպում են չինական վիշապների, առյուծաշների պատկերներ, իսկ Վասպուրականի գեղանկարչությունում՝ չինական կենցաղային առարկաների պատկերներ: Հայկական պատմական աղբյուրներում, լեգենդներում, հեքիաթներում Չինաստանն անվանվում է չեների երկիր, Չինումաչին, Ճենաստան, իսկ չինացիներն էլ` ճենազն, ազգ չենաց կամ ազգ սինեացվոց:
«Սասնա ծռեր» էպոսում Սասունցի Դավթին սպանում է չինական աչքերով աղջիկը` նրա սեփական դուստրը Չմշկիկ Սուլթանից, որը, հնարավոր է, որ չինուհի էր: Նույն էպոսում Խանդութի թշնամին էր Չինաստանի թագավորը: Ի դեպ, Խանդութի աչքերը համեմատվում են չինական բաժակի հետ, որը վկայում է Հայաստանում չինական ապրանքների առկայության մասին: Րաֆֆու «Սամվել» վեպում գլխավոր հերոսը ներկայացվում է չինական արտաքինով:
Չինական աղբյուրներում Հայաստան անունն առաջին անգամ հիշատակվում է 2-րդ դարում, այսինքն՝ մինչև Մետաքսի ճանապարհի բացվելը: Քարտեզը, որ հայտանաբերվել է, կազմվել է 13-րդ դարում, բայց քարտեզի բովանդակությունը վերաբերում է 2-րդ դարին: Այնտեղ նշվում է Աման երկիրը. նկարագրվում է, որ այն հյուսիսից շրջապատված է լեռնաշղթաներով:
Չինական աղբյուրներում Հայաստան անունն առաջին անգամ հիշատակվում է 2-րդ դարում, այսինքն՝ մինչև Մետաքսի ճանապարհի բացվելը: Քարտեզը, որ հայտանաբերվել է, կազմվել է 13-րդ դարում, բայց քարտեզի բովանդակությունը վերաբերում է 2-րդ դարին: Այնտեղ նշվում է Աման երկիրը. նկարագրվում է, որ այն հյուսիսից շրջապատված է լեռնաշղթաներով:
Կինոռեժիսոր Ռուբեն Գինեյը Չինաստանում տեսել է ապակե թաս՝ թվագրված 4-րդ դարին: Նա զարմացել է՝ նույն թասից տեսնելով նաև Դվինում: Իսկ Գյումրու երկրաբանական թանգարանում նրան ցույց են տվել պահոցների նմուշներից մեկը՝ չինական մեկ այլ թաս: Ռուբենը պարզել է, որ այն 600 տարվա պատմություն ունի և պատկանում է չինական Մին դինաստիային, սակայն ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այն ձուլվել է Ցին դինաստիայի օրոք` 18-րդ դարում: Այդ գտածոյի մասին կինոռեժիսորը Չինաստանում գիտական հոդված է հրատարակել:
Շարունակելի…
Ռուբեն Գինեյ / Միքայել Մարգարյան
Երևան-Պեկին, մայիս 2018