ԵՐԵՎԱՆ,ՍԵՊՏԵՄԲԵՐ19, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:
Նյութի հեղինակ՝ Աննա Ադամյան
ՄԱՍ 2
———————————–
Ցինգ դինաստիայի ՇունՃը (1643-1661) և ԿանգՍի (1662-1722) թագավորների հրամանով արգելվում էր կանանց՝ իրենց ոտքերը փաթաթել, սակայն այդ սովորությունը այնքան էր արմատացել, որ կանայք շարունակում էին դա անել։ Մի ավանդության համաձայն Այրի կայսրուհի Սիսի-ն (1835-1908) զրուցելիս է լինում մի օտարերկրացի կնոջ հետ, ով հայտնում է, որ Եվրոպայում չինացի կանանց փոքր ոտքերը վաղուց արդեն ծիծաղելի են համարվում։ Այս դեպքը մեծ ազզդեցություն է ունենում Այրի կայսրուհու վրա։ 1906 թ․ նա (տես վերջին նկարը) հրաման է արձակում, որ բոլոր այն պաշտոնյանները, ում աղջիկները ու կանայք ունեն լոտուսե ոտքեր, չեն կարող պալատական պաշտոններ զբաղեցնել։ Պետք է նշել նաև, որ ՍիՍի կայսրուհին
այն անձն էր, ով բացել տվեց կանանց համար դպրոցներ և հնարավորություն տվեց կանանց ունենալու ավելի ինքնուրույն և անկախ կյանք։
Չինաստանի նորանկախ Հանրապետությունը ևս 1912 թվականի հրամանով արգելում է կանանց իրենց ոտքերը փաթաթել։ Բայց նույնիսկ այս արգելումից հետո շատ կանայք և աղջիկներ շարունակում էին գաղտնի փաթաթել ոտքերը։ Նույնիսկ հիմա շատ վայրերում կարող ենք հանդիպել ութսուն անց տատիկների՝ լոտուսե ոտքերով։ Այս առումով ուզում եմ մատնանշել մի դեպք, որին ես ինքս եմ ականատես եղել։ 2018 թվականին որպես կամավոր աշխատաում էի ամառային ճամբարում ՆինՍիա նահանգի փոքրիկ գյուղերից մեկի մոտակայքի հանգստավայրում։ Դեպքի բերումով գնացինք այդ գյուղ գյուղացիների հետ խոսելու, նրանց դարդ ու ցավը իմանալու։ Փոքրիկ տնակներից մեկում էլ հնադիպեցինք մոտ իննսուն տարեկան մի կնոջ, անկողնային վիճակում, որի ոտքերը կրում էին հին սովորույթի հետքերը՝ նեղ ոտնաթաթեր իրար սեղմված ոտնամատներով։
Ինչև, քանի որ այս սովորությունը աստիճանաբար մոռացության էր մատնվում և լոտուսե կոշիկները ևս անցնում էին պատմության գիրկը և որպեսզի Չինական մշակույթի այս մի հատվածը առհավետ չանհայտանա, Չինաստանում բացվել են լոտուսե կոշիկի թանգարաններ․տեսականիով ամենահարուստը գտնվում է Շանհայ
քաղաքում։ Շանհայի հին կոշիկների թանգարանում, որը հայտնի է նաև «հարյուր կոշիկի տուն» անունով (‘Hundred Shoes House’, 百履堂) կարող ենք հանդիպել լոտուսե կոշիկների մեծ տեսականու` սկսած Մինգ դիանստիայից (1368- 1644)։
Հետաքրքիր կլինի պարզելը, թե արդյոք Հին Հայաստանում եղել է նմանատիպ ինչ-որ երևույթ, թե ոչ։ Ես ինքս այնքան էլ տեղեկացված չեմ, թե մենք արդյոք ունեցել ենք փոքր ոտքերի որպես գեղեցկության չափանիշ սովորույթը, բայց հիշում եմ, որ մանուկ ժամանակ դրսում ոտաբոբիկ խաղալու ժամանակ ինձանից մեծ աղջիկները խորհուրդ էին տալիս ինձ բոբիկ չվազվզել գետնի վրա, քանի որ ոտքերս կմեծանան ու գեղեցիկ չեն լինի։ Հետաքրքիր է գտնել նմանությունները մեր և չինական սովորույթի ուժով պահպանված ավանդույթների միջև։