Սինձյանը 90 ծրագիր կիրականացնի զբոսաշրջության վերականգնման համար
April 28, 2020
Չինաստանը արտահանել է հսկայական ծավալների մարդասիրական օգնություն
May 4, 2020

Չինաստան­-Հայաստան. խորացող բարեկամական գործընկերություն

ԵՐԵՎԱՆ,ԱՊՐԻԼ 30,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:     ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Էրլունի հարցազրույցը «Արմենպրես»  լրատվական գործակալությանը

 

 – Պարոն դեսպանխնդրում ենք  ներկայացնեք  նոր տեսակի /COVID-19/ կորոնավիրուսային համաճարակի ներկայիս իրավիճակը  Չինաստանում:

Նախագահ Սի Ծինփինի անմիջական ղեկավարությամբ ու հրամանատարությամբ, Չինաստանի կոմունիստական կուսակցության և Չինաստանի կառավարության գլխավորությամբ, ամբողջ չին ազգի անչափ մեծ ու անձնուրաց ջանքերով Չինաստանում զգալիորեն բարելավվել է նոր տեսակի /COVID-19/ կորոնավիրուսի դեմ պայքարի և վերահսկողության վիճակը: Մեզ հիմնականում հաջողվել է կանխել կորոնավարակի տարածումը երկրի ներսում: Ապրիլի 26-ի դրությամբ Չինաստանի տարածքում հաստատվել է վարակի երեք նոր դեպք, որոնցից երկուսը «ներմուծված են» և միայն մեկը՝ տեղային ծագման։ Այս պահի դրությամբ վարակվածների ընդհանուր քանակը 723 է, դուրս գրված հիվանդների ընդհանուր քանակը՝ 77 474։ Միջանկյալ հաղթանակը համաճարակի դեմ Չինաստանին տրվել է բավականին բարձր գնով․ավելի քան 80 հազար մարդ վարակված են եղել կորոնավարակով, որոնցից 4 633-ը մահացել են համաճարակից։

Այս պահին Չինաստանում համաճարակի դեմ պայքարի և վերահսկման իրավիճակը շարունակում է բարելավվել, առօրյա կյանքը և արտադրությունը աստիճանաբար վերադառնում են բնականոն վիճակի։ Այս ամենին զուգահեռ, մենք դեռ չենք կարող ոչ մի պարագայում թուլացնել զգոնությունը, շարունակելու ենք կիրառել հետագա միջոցները թե´ արտերկրից բերված դեպքերը կանխելու, թե´ երկրի ներսում վարակի կրկնական բռնկումը կանխելու ուղղությամբ, կատարելագործելու ենք արագ արձագանքման և հիմնական կանխարգելման համակարգերը, ավելացնելու ենք ջանքերը կորոնավարակի համաճարակի դեմ պայքարի և վերահսկողության միջոցառումները՝ վարակի միջսահմանային փոխանցումներից խուսափելու նպատակով, նպաստելու ենք աշխատանքի և արտադրության աստիճանաբար վերսկսմանը։

 

­ Ի՞նչ փորձ է ձեռք բերվել Չինաստանում կորոնավիրուսային համաճարակի նոր տիպի դեմ պայքարում:

Այս նոր տեսակի կորոնավիրուսի թոքաբորբի համաճարակը Չինաստանի ժողովրդական հանրապետության կազմավորումից ի վեր եղած ամենաարագ տարածվող, տարածում գտած, կանխարգելման ամենաբարդ և հասարակական առողջապահության առաջ ծագած ամենամեծ խնդիրն է։ Այս սարսափելի համաճարակին հակազդելու համար Չինաստանի կառավարությունը ձեռնարկել է առավել ընդգրկուն, խստագույն և վճռորոշ միջոցներ: Եթե խոսենք համաճարակի դեմ պայքարում դրական արդյունքների հասնելու մասին, ապա այն, ըստ էության, բխում է հետևյալից.

Առաջին՝ էպիկենտրոնի արագ և որոշիչ տեղայնացումը և դրա տարածման հիմնական ուղիների փակումը: Այս տարվա հունվարի 22-ին Չինաստանի կառավարությունը հայտարարեց Հուբեյ նահանգում կարանտինի ռեժիմ մտցնելու մասին, հատկապես վարչական կենտրոն Ուհան քաղաքում, որտեղ տեղի էր ունեցել համաճարակի բռնկումը և համաճարակաբանական ամենածանր իրավիճակն էր։ Այս որոշումը անհրաժեշտ և, միևնույն ժամանակ, շատ դժվար էր, քանի որ այդ նահանգում ապրում է մոտ 60 միլիոն մարդ, իսկ մեգապոլիս Ուհանի բնակչությունը 11 միլիոն է։ Հուբեյ նահանգի և Ուհան քաղաքի աջակցության համար կենտրոնացված էին երկրի բոլոր ռեսուրսները: Բավարար է նշել, որ կարճ ժամանակահատվածում երկրի բոլոր շրջաններից այնտեղ են ուղարկվել ավելի քան 330 բժշկական խմբեր՝ ընդհանուրը կազմելով ավելի քան 41 600 բժշկական անձնակազմ, ինչպես նաև անհապաղ կառուցվել և սարքավորվել են «Հոշենշան», «Լեյշենշան» և մի քանի այլ կենտրոնացված բուժական և մոդուլային հիվանդանոցները, բոլոր միջոցներով ավելացվել է հիվանդանոցային մահճակալների թիվը, ձեռնարկվել են բոլոր միջոցառումները բոլոր վարակակիր հիվանդներին ժամանակին անհրաժեշտ բուժում ապահովելու ուղղությամբ:

Երկրորդ՝ ամբողջ երկրի և ողջ բնակչության մոբիլիզացումը, «ընդհանուր պատերազմ» կորոնավարակի դեմ: ՉԿԿ Կենտկոմի և ՉԺՀ պետական խորհրդի միասնական ղեկավարության ներքո, Նախագահ Սի Ծինփինի առաջնորդությամբ երկրի բոլոր գերատեսչություններում և մարզերում ստեղծվեցին գործադիր կետեր՝ տարբեր մակարդակներում համաճարակի դեմ տարվող պայքարը համակարգելու նպատակով: Թե´ քաղաքային, թե´ գյուղական բնակավայրերում իրականացվել են ինքնամեկուսացման միջոցառումներ, ինչպես նաև կանխարգելմանն ու բուժմանն ուղղված այլ քայլեր, որոնք ձեռնարկվել են վաղ հայտնաբերման, վաղ նախազգուշացման, վաղ մեկուսացման և վաղ բուժման, ինչպես նաև հիվանդների համակենտրոնացման, բժշկների և բժշկական ռեսուրսների կենտրոնացման սկզբունքների համաձայն:

Համաճարակի վերահսկման պայքարում հաղթանակը շատ բանով կախված է է նյութատեխնիկական մատակարարումից։ Մենք ակտիվորեն միջոցառումներ ենք ձեռնարկում արագորեն վերսկսելու բժշկական սարքավորումների, բժշկական պաշտպանիչ զգեստների, դիմակների և այլ բժշկական նյութերի արտադրությունը: Ամեն կերպ ընդլայնում ենք արտադրության ծավալները, ներկայացնում ամենակարևոր նյութերի և օբյեկտների պետականորեն միասնական բաշխման փորձը: Բեռների փոխադրման համար անխափան միջանցք ենք ապահովում և, միաժամանակ, ձեռնարկում ենք բազմաթիվ միջոցառումներ երկրի հիմնական տարածքները բժշկական և այլ անհրաժեշտ նյութերով ապահովման նպատակով: Մենք նաև բոլոր միջոցներով աջակցում ենք բժշկական նյութերի հետազոտությանը և դրանց կլինիկական օգտագործմանը, այս ուղղությամբ արդեն իսկ տեսանելի են կարևոր փոփոխություններ:

Բացի այդ, ստեղծվել է հանրությանը ժամանակին հավաստի տեղեկատվության տրամադրման համակարգ: Առողջապահության պետական կոմիտեի ներկայացուցիչները և այլ իրավասու մարմիններ ամեն օր մամուլի ասուլիսներ են տալիս համաճարակի դեմ պայքարի վերաբերյալ: Սա մեծապես օգնում է բնակչությանը հասկանալ և աջակցել կառավարության կողմից ձեռնարկված անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներին, մասնավորապես, սահմանափակող բնույթի:

 

­ Ի՞նչ նոր միջազգային համագործակցություն է իրականացնում Չինաստանը:

Նոր տեսակի կորոնավիրուսի թոքաբորբն այս պահին բռնկվել է երկրագնդի բազմաթիվ կետերում՝ հսկայական սպառնալիք ներկայացնելով ամբողջ աշխարհի մարդկանց կյանքի և առողջության համար: Չինաստանը, համաճարակը խստորեն կանխելուն զուգահեռ, ակտիվորեն կամավոր համագործակցում և տեղեկատվություն է փոխանակում ԱՀԿ-ի և միջազգային հանրության հետ՝ այսպիսով ցուցաբերելով պատասխանատվություն չին ժողովրդի առողջության և անվտանգության համար, ինչպես նաև դրական ներդրում ունենալով հանրային առողջապահական համակարգի մեջ ողջ աշխարհում։

Ինչպես նշել է Նախագահ Սի Ծինփինը՝ կորոնավիրուսի համաճարակը մարդկության ընդհանուր թշնամին է, և դրա դեմ հաղթանակի կարելի է հասնել միայն միջազգային հանրության համերաշխության և համագործակցության միջոցով: Չինաստանը, մտահոգված ամբողջ մարդկության ճակատագրով, պատրաստ է համախմբել ուժերը աշխարհի բոլոր երկրների հետ՝ համատեղ դիմակայելու ընդհանուր մարտահրավերին՝ համաճարակի դեմ վերջնական հաղթանակ տանելու համար:

Նախագահ Սի Ծինփինը մարտի 26-ին G20 գագաթնաժողովի ղեկավարների հատուկ նիստի ժամանակ խոսել է միջազգային հանրության հավատի ամրապնդման, միասնական պայքարի, համաճարակի դեմ պայքարում ուժերի համախմբման, մարդկությանը պատուհասած այս ծանրագույն վարակի հաղթահարման մասին։ Մինչ այդ Նախագահ Սի Ծինփինը հանդիպում էր ունեցել հատուկ այցով Չինաստան ժամանած Կամբոջայի վարչապետի, Մոնղոլիայի նախագահի, Պակիստանի նախագահի, ԱՀԿ տնօրենի հետ, ինչպես նաև վերջին երկու ամսվա ընթացքում հեռախոսազրույցներ էր ունեցել 32 օտարերկրյա ղեկավարների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։

Այս ամենին զուգահեռ, չինական կողմն արդեն հիմնել է նոր տեսակի կորոնավիրուսի թոքաբորբի վերահսկման ինտերնետային գիտական կենտրոն, որը բաց է աշխարհի բոլոր երկրների համար։ Մյուս երկրների հետ համագործակցելով՝ արագ կարելի է իրականացնել դեղամիջոցների, վակցինայի, թեստերի և այլ ասպարեզների վերաբերող գիտահետազոտական աշխատանքներ, պայքարել հանուն մարդկության համար հնարավորինս շուտ արդյունքի հասնելու։ Չինաստանն իր ուժերը ներածի չափով հնարավոր անհատույց օգնություն է ցուցաբերում ավելի քան 150 երկրի և միջազգային կազմակերպության՝ անհրաժեշտ բժշկական նյութերի տրամադրմամբ, միաժամանակ հարմարավետ պայմաններ ստեղծելով այլ երկրների համար՝ Չինաստանի հետ բժշկական պարագաների առևտրի հարցում։ Չինական կողմը նաև բժշկական խմբեր է ուղարկել համաճարակից առավելապես տուժած եվրոպական և ասիական որոշ երկրներ: Միևնույն ժամանակ, Չինաստանի ոչ պետական բազմաթիվ բարեգործական կազմակերպություններ, շրջաններ և ձեռնարկություններ նույնպես օգնության ձեռք են մեկնել աշխարհի այլ երկների ժողովուրդներին:

Վարակի բռնկումից ի վեր, հայ հասարակության տարբեր ներկայացուցիչներ տարբեր միջոցներով աջակցել են Չինաստանին համաճարակի դեմ պայքարում, չին ժողովուրդը կպահի դա իր սրտում։ Հին չինական ասացվածք կա. «Նվիրիր դեղձ, կստանաս սալոր», իսկ հայերենում ասում են. «Ջան ասա, ջան կլսես»։ Ներկայումս, Հայաստանում արդեն գրանցվել է 1 800-ից ավելի վարակվածության դեպք․Չինաստանի կառավարությունը, ինչպես նաև Չինաստանի դեսպանատունը ամբողջ ուժով աջակցում են հայկական կողմին։ Այս տարվա մարտին չինական կողմը Հայաստանին օգնության կարգով տրամադրել է արագ թեստեր և հասցրել դրանք Երևան։ Չինաստանի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի և Չունցին քաղաքի  մասնագետները արդեն երեք անգամ ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների հետ միասին տեսահանդիպում են ունեցել՝ ներկայացնելու նոր տեսակի կորոնավիրուսի թոքաբորբի դեմ պայքարի իրենց աշխատանքային փորձը։ Ապրիլի 8-ին Պեկինից Երևան է ժամանել չարտերային չվերթը ՀՀ կառավարության կողմից ձեռք բերված բժշկական սարքավորումներով և դեղերով: Նույն ինքնաթիռը բերել է նաև շնչառական սարքեր, դիմակներ, արագ թեստեր և այլ անհրաժեշտ բժշկական պարագաներ, որոնք նվիրաբերվել են Հայաստանում Չինաստանի դեսպանատան, Չունցին քաղաքի ժողովրդական կառավարության և չինական ձեռնարկությունների կողմից: Մոտ ժամանակներս չինական կողմը Հայաստանին կտրամադրի բժշկական պարագաների ևս մեկ խմբաքանակ՝ ներառյալ բժշկական պաշտպանիչ հանդերձանք և պաշտպանիչ դիմակներ:

 

­ Ինչպե՞ս կգնահատեք հայչինական հարաբերությունների ներկայիս մակարդակը:

Հայ և չին ժողովուրդները բարեկամական հարաբերություններ են ունեցել դեռ հնագույն ժամանակներից՝ «Մեծ մետաքսի ճանապարհի» դարաշրջանից։ Չինաստանը մշտապես դիտարկել է Հայաստանին որպես բարեկամ գործընկեր և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության կարևոր մասնակից երկիր։ 1992 թվականին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների հարաբերություններն անընդհատ պահպանել են առողջ և կայուն զարգացման լավ ընթացք և հասել դրական արդյունքների: Անցյալ տարի վարչապետ Փաշինյանն այցելել էր Չինաստան՝ մասնակցելու Ասիական քաղաքակրթության երկխոսության գագաթնաժողովին և հանդիպում ունեցել Նախագահ Սի Ծինփինի հետ՝ երկկողմ հարաբերությունների զարգացման ապագան պլանավորելու համար: Նախանշվել է նաև մոտակա տարիներին երկու երկրների բարեկամական համագործակցության զարգացում: Չինաստանի պետական խորհրդի անդամ և արտաքին գործերի նախարար Վանգ Յին պաշտոնական այցով ժամանել էր Հայաստան և ստորագրել մի շարք կարևոր փաստաթղթեր՝ այդ թվում երկու երկրների միջև ոչ վիզային ռեժիմի անցնելու կարևոր փաստաթուղթը: Չինաստանը երկար տարիներ հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերը: 2019-ին երկու երկրների միջև առևտրի ծավալը հասավ 945 միլիոն ԱՄՆ դոլարի՝ տարեկան կտրվածքով աճելով ռեկորդային 22,5%-ով: Հայկական կողմը նաև ակտիվորեն մասնակցել է Չինաստանի՝ Շանհայի EXPO միջազգային ներմուծման ցուցահանդեսին, Պեկինի միջազգային այգեգործական ցուցահանդեսին՝ այս և այլ հարթակներում ներկայացնելով իր արտադրանքը՝ չինական շուկա մուտք գործելու նպատակով: Երկու երկրների միջև մշակութային, կրթական և այլ ասպարեզների փոխանակումներն անընդհատ բարելավվում են: Հայաստանում շատ է տարածված չինարենի ուսուցումը: Այս կարևոր իրադարձություններն ու արդյունքները հայ-չինական հարաբերությունների արագ զարգացման կենդանի ապացույցներ են։

Չինաստանը հետագայում ևս պատրաստ է շարունակել ավանդական բարեկամական համագործակցությունը Հայաստանի հետ՝ փոխադարձ հարգանքի, հավասարության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա ամրապնդելով երկուստեք քաղաքական վստահությունը, կայուն զարգացնելով երկկողմ տնտեսական և առևտրային համագործակցությունը և շարունակաբար խորացնելով երկու երկրների միջև մշակութային փոխանակումները՝ երկկողմ բարեկամական հարաբերություններում նոր մակարդակի հասնելուն  նպաստելու համար:

 

­ Ներկա համաճարակը կազդի՞արդյոքՀայաստանի և Չինաստանի միջև փոխանակումների և առևտրի վրա:

Համաշխարհային մակարդակով նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի ներկայիս տարածումը, անկասկած, կանդրադառնա համաշխարհային տնտեսական զարգացման վրա։ Այս համատեքստում, որոշակի ազդեցության կենթարկվեն նաև հայ-չինական փոխանակումներն ու առևտրային համագործակցությունը։ Այնուամենայնիվ, կարծում եմ, այդ ազդեցությունը ժամանակավոր է, և Չինաստանի ու Հայաստանի միջև համագործակցության դրական միտումը չի փոխվի: Չինաստանի և Հայաստանի միջև փոխլրացնող տնտեսական և առևտրային համագործակցությունը ամուր երաշխիք է երկկողմ տնտեսական և առևտրային փոխգործակցության կայուն զարգացման համար: Երկու երկրների ժողովուրդների ավանդական բարեկամությունը խորն է, և երկկողմանի փոխանակումները տարիներ շարունակ զարգացում են ապրել: Համոզված եմ, որ վարակի հետևանքների աստիճանաբար վերացման արդյունքում Չինաստանի և Հայաստանի հարաբերությունները կմտնեն զարգացման նոր փուլ, նոր զարգացման հասնելու խթան կստանան։