Հուշագրի վերաստորագրման արարողությանը ներկա էին ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը, Կոնֆուցիուսի ինստիտուտի հայկական և չինական կողմերի տնօրեններ Գոռ Սարգսյանն ու Վան Չանծուանյը:
Հուշագրի նպատակն է չինական մշակույթի և լեզվի բնագավառում մասնագետներ պատրաստումը, լեզու+մասնագիտություն նոր ծրագրի շրջանակներում համագործակցությունը և այլն:
Հանդիպման ընթացքում երկու կողմերն էլ բարձր գնահատեցին հայ-չինական համագործակցության զարգացման հեռանկարները և նշեցին, որ այս ոլորտում արված յուրաքանչյուր քայլ պետք է միտված լինի չինագիտության զարգացմանն ու առաջընթացին:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը կարևորեց պայմանագրի վերաստորագրումը՝ փաստելով, որ այն համագործակցության իրական հնարավորություն է՝ արդյունավետ կետերով. «Այս պայմանագիրն այն պայմանագրերից է, որն արձանագրված չէ միայն թղթի վրա, այլ նրա յուրաքանչյուր կետ կարևոր է, և կողմերն այն հստակ իրականացնում են»:
Արթուր Իսրայելյանի խոսքով, ամեն տարի Մայր բուհ է գործուղվում չինացի մասնագետ, և ուսանողները հնարավորություն են ունենում լեզուն սովորելու հենց լեզվակրից:
ԵՊՀ պրոռեկտորը նշեց նաև, որ այս համագործակցության առաջնային նպատակներից մեկը նոր մագիստրոսական ծրագրի՝ չինագիտության ստեղծումն է. «Մենք ունենք Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող, որն արդեն դասավանդում է Չինարենի և չինական մշակույթի կենտրոնում, ինչը մեծ ձեռքբերում է մեզ համար:
Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Վան Չանծուանյն անդրադարձավ չինարենին և չինական մշակույթին նվիրված միջոցառումներին, չինական ֆիլմերի հնչյունավորման մրցույթին, նաև նշեց, որ հայ ուսանողներն աչքի են ընկնում չինարենի և չինական մշակույթի մասին իրենց գիտելիքներով:
Այդ ուսանողներն ակտիվորեն ներառվում են հայագիտական ուսումնասիրությունների մեջ:
Հայկական կողմի տնօրեն Գոռ Սարգսյանն էլ կարևորեց հայ-չինական համագործակցության խորացումը՝ նշելով, որ պետք է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն այդ համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու և Չինաստանն ավելի լավ ճանաչելու համար: