ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 15, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների պալատում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Չինաստանի վարչապետ Լի Քըցյանի հանդիպումը։ Ինչպես հաղորդում «Արմենպրես»-ի թղթակիցը, հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարայանը, վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը, վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
Չինական կողմից մասնակցում էին Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Տինգ Սյուեսյանգը, Կոմերցիայի նախարար Ճոնգ Շանը, Արտաքին գործերի փոխնախարարներ Լու Յուչընգը, Ցին Գանգը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգը։
ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ հանդիպումը լավ առիթ է համագործակցության հարցեր, հետագա ծրագրեր քննարկելու համար։
«Շատ ուրախ եմ այս հանդիպման համար։ Ասիական քաղակրթությունների երկխոսության համաժողովը շատ կարևոր է մեզ համար։ Այն շատ կարևոր նախաձեռնություն է։ Կայացավ համաժողովի բացումը, որը շատ տպավորիչ էր։ Այս համաժողովը լավ հնարավորություն է քննարկելու հետագա համագործության հարցերը։ Ես շատ ուրախ այդ հնարավորության, ձեզ հետ հանդիպելու համար։ Հայաստանն ու Չինաստանն ունեն ընդհանուր շահեր։ Ես կարծում եմ, որ այս այցելությունը նոր խթան կլինի աշխատելու այն ծրագրերի շուրջ, որոնցում ներկայացված են Հայաստանի ու Չինաստանի շահեր»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։