ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆՎԱՐ 16,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Հավասարակշռված երիտասարդական քաղաքականության հերթական օրինակը ցուցադրեցին չինացիները: Առողջ ու ադեկվատ երիտասարդություն ունենալը դառնում է Չինաստանի պետական քաղաքականության առաջնահերթությունը, ուր մի քանի ամսվա ընթացքում արգելեցին համացանցային լպիրշությունը, շքեղության պրոպագանդան, կյանքի կոռումպացված կերպն ու ոսկուն հպատակվելը: Այժմ սահմանափակել են նաև օնլայն խաղերը:
Չինաստանում հասկացել են, որ պետք է ունենան առողջ ու, գլխավորը, նորմալ սերունդ, որը նախ՝ կմտածի, հետո՝ կգործի: Դեռ սեպտեմբերից այնտեղ սկսեցին ինտերնետ ռեսուրսների կոնտենտի վերահսկողությունից, իսկ հիմա հասել են խաղերին, որոնցով գիշեր-ցերեկ զբաղված են չինացի դպրոցականները:
Արդյունքում՝ իշխանություններն արգելեցին երեխաներին օնլայն խաղեր խաղալ՝ 22:00-08:00 ժամանակահատվածում: Ցերեկը և երեկոյան դա նրանց թույլատրված է անել սահմանափակ ժամաքանակով՝ 1.5 ժամ՝ աշխատանքային օրերին, և առավելագույնը 3 ժամ՝ հանգստյան օրերին: Հսկողության համար խաղային պլատֆորմների վրա կտեղադրվեն հատուկ իդենտիֆիկատորներ:
Այս միջոցառումների մասին հայտարարել է ՉԺՀ համապատասխան գերատեսչությունը: Ենթադրվում է, որ նոր կանոնները կստեղծեն մաքուր համացանցային տարածք, ինչպես նաև կպաշտպանեն դպրոցականների հոգեկան ու ֆիզիկական առողջությունը:
Այնտեղ ամենագլխավորը խաղի ընթացքի, տիպի, թեմատիկայի ու բովանդակության վերահսկողությունն է, որի համար մշակված են խիստ չափանիշեր: Եթե դրանք չհամապատասխանեն անչափահասների համար պահանջվող չափորոշիչներին, ապա կարգելվի խաղի մուտքն անմիջապես գրանցվելու փորձից հետո:
Բացի դրանից, չինական իշխանությունները 8-16 տարեկան բոլոր խաղացողների համար սահմանափակել են խաղերի գնումների համար ծախսվող գումարները: Խաղային հաշիվները կարելի կլինի լրացնել ամսական 200 յուանից ոչ ավելի, որը կազմում է մոտ 13-14000 դրամ: Իսկ որպեսզի դպրոցականները չներկայանան մեծերի անունից, օնլայն հարթակներին կպարտավորեցնեն գրանցման ժամանակ հայտնել օգտատերերի իրական տվյալները: Օգտատերը պարտավոր կլինի հայտնել հեռախոսահամար, ինչպես նաև որոշակի ինֆորմացիա՝ նույնականացման նպատակով:
http://168.am/