Չինարեն սովորող հայ երիտասարդներին ու պատանիներին փայլուն ապագա է վիճակված: Այս մասին «Չինաստանն Այսօր»–ին տված հարցազրույցում ասաց Հայաստանում ՉԺՀ գործերի հավատարմատար Ճոու Հոնգյուն (周宏友): Ներկա գտնվելով ուրբաթ կայացած «Չինարեն լեզվի կամուրջ» միջազգային մրցույթի հայաստանյան ընտրական փուլին, չինացի դիվանագետը խոստովանեց, որ հայ ուսանողներն ու աշակերտները խորը տպավորություն են թողել իր վրա. «Տեսնում եմ պատանիների ու երիտասարդների, որոնց ոչ ավել, ոչ պակաս մեկուկես տարի է պահանջվել յուրացնելու լեզուն, մշակութային գիտելիքները», – ասաց նա:
Ինչպես նշեց Ճոու Հոնգյուն, միջոցառումը կազմակերպվել էր պատշաճ ու բարձր մակարդակով: Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանի և Չինաստանի միջև հումանիտար կապերի ամրապնդմանը, ապա, զրուցակցի խոսքով, դրանք արդեն գտնվում են ամուր հենքի վրա, բայց ունեն զարգանալու մեծ պոտենցիալ: «Ընդհանուր առմամբ, համատեղ աշխատանք ունենք կատարելու մշակութային փոխանակման, գիտական հետազոտությունների, կրթության և այլ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության պոտենցիալ իրացնելու համար», – ընդգծեցնա:
Ամփոփելով, ասաց, որ անցած տարին շատ կարևոր ու հաջողված էր հայ-չինական քաղաքական ու առևտրա-տնտեսական հարաբերությունների համար: Հետևողական ու համատեղ աշխատանքի շնորհիվ երկու երկրների փոխգործակցությունը լուրջ հեռանկարներ կունենա:
Հայ-չինական հարաբերությունների մասին առաջին հիշատակումները եղել են 5-րդ դարում՝ Մովսես Խորենացու և 6-րդ դարում` Անանիա Շիրակացու աշխատություններում:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Հայաստանի անկախությունը ճանաչել է 1991 թվականի դեկտեմբերի 27-ին:
Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի ապրիլի 6-ին՝ համապատասխան իրավական ակտով: