Հունիսի 22-ին տեղի ունեցավ «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի պաշտոնական բացման արարողությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիան Էրլունը ստորագրել են «Հայ-չինական բարեկամության դպրոցի բացման պատվավոր հյուր» հավաստագրեր և փոխանակվել դրանցով: «Հայ-չինական բարեկամության դպրոց»-ում իրականացվելու են ՀՀ պետական հանրակրթական ծրագրեր: 405 աշակերտի համար նախատեսված կրթօջախը գործելու է վարժարանի մոդելով, ունենալու է 27 դասարան. ուսուցման լեզուն հայերենն է, կգործեն 5-12-րդ դասարաններ, և բոլոր դասարաններում կիրականացվի շաբաթական 3 դասաժամ չինարենի խորացված ուսուցում:
Չինարենի ուսուցիչները հրավիրվելու են ՉԺՀ-ից, 450 դասագրքերը տրամադրելու է չինական կողմը: Հայ-չինական բացառիկ կրթական նախագծի ընդհանուր արժեքն ավելի քան 12 մլն ԱՄՆ դոլար է, որը ներառում է շինարարական աշխատանքներն ու կահավորումը: Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի 14 հասցեում կառուցված նոր դպրոցը զբաղեցնում է 14000 քմ տարածք: Կրթական մասնաշենքերի (ուսումնական, հանրակացարանային և մարզադահլիճ) ընդհանուր մակերեսը կազմում է 8000 քմ: Դպրոցն ապահովված է լաբորատորիաներով, լեզվի ուսուցման կաբինետներով, գրադարանով, համակարգչային լսարաններով, պարասրահով, մշակութային կենտրոնով, մարզադահլիճով: Հայ-չինական բարեկամության դպրոցում կգործի նաև Չինաստանի թանգարան: