Հայ-չինական մշակությաին փառատոն Արմավիրի մարզում
October 18, 2018
Չինաստանի ամենահարուստ կանայք
October 22, 2018

Մեկ միլիոն շիշ հայկական նռան գինի կարտահանվի Չինաստան

Հոկտեմբերի 18-ին, Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանի նախաձեռնությամբ, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանն ու Չինաստանի միջազգային ընկերակցության կազմակերպիչ հանձնաժողովի գլխավոր քարտուղար Յոնգ Ան Չուն ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի շրջանակներում առաջիկայում Չինաստան կարտահանվի հայկական գինեգործական ընկերությունների կողմից արտադրված մեկ միլիոն շիշ նռան գինի:

Չինական շուկան հայկական գինեգործական ընկերությունների համար միշտ եղել է հետաքրքիր ու թիրախային, և  այս հուշագիրը արտադրության և արտահանման ծավալները մեծացնելու հնարավորությունների նոր դուռ է բացում:

«Չինական շուկային հայկական գինեգործությունը  առաջին անգամ ներկայացավ անցյալ տարի՝ 2017 թվականին, երբ Հայաստանի խաղողագործության և գինեգործության  հիմնադրամի նախաձեռնությամբ, հայկական գինեգործական ընկերությունների արտադրանքը ներկայացվեց ProWine China 2017 ցուցահանդեսին, որի արդյունքում կնքվեցին արտահանման մի շարք պայմանագրեր: Այս հուշագիրը հայկական գինիների արտահանման ծավալները մեծացնելուն միտված հաջորդ կարևոր հանգրվանն է: Հիմա մենք չինական շուկա ենք մտնում նաև մեր մրգային, մասնավորապես՝ նռան գինիներով, ինչը հնարավորություն է ստեղծում հետագայում չինական շուկային ներկայացնել հայկական գինեգործության  արտադրանքի ամբողջ տեսականին: Իսկ դա նշանակում է, որ մեր արտադրողները կմեծացնեն իրենց սպառման, հետևաբար նաև ներդրումների ու արտադրության ծավալները»,-ասաց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:

Չինական պատվիրակությանը Հայաստան էր հրավիրել և ուղեկցում էր, ինչպես նաև հուշագրի կյանքի կոչմանն իր ակտիվ նախաձեռնություններով մեծապես նպաստել է Չինաստանում ՀՀ առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանը:

Չինական կողմը ևս մեծապես կարևորում է հուշագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ այն հետագա ավելի լայն համագործակցության սկիզբն է միայն:

«Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի արտադրողներին՝ չինական շուկայում հայկական գինիների ճանաչելիության ու ներկայացվածության բարձրացման հարցերում: Այս հուշագրով մենք նախատեսում ենք սկզբում Չինաստան ներմուծել մեկ միլիոն շիշ հայկական նռան գինի, բայց դա միայն առաջին քայլն է: Ես վստահ եմ, որ համագործակցությունը կընդլայնվի և այս հուշագիրը նաև հնարավորություն է՝ հետագայում մեծացնելու դեպի Չինաստան արտահանվող հայկական գինիների թե՛ ծավալները, թե՛ տեսականին»,- Նշեց Յոնգ ան Չուն:

Նյութ՝ www.lragir.am