Չինաստանի Պեկին քաղաքում նոյեմբերի 10-12-ը անցկացվել է «Նոր Հայաստանը և նրա տարածաշրջանային կարևորությունը» թեմայով միջազգային սիմպոզիումը, որը կազմակերպել էր Չինաստանի միջազգային բարեկամական կապի ասոցիացիայի (China Association for International friendly contact) Խաղաղության և զարգացման հետազոտությունների կենտրոնը: Գիտաժողովին մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարության Հայրենադարձության և հետազոտությունների վարչության Հայրենադարձության բաժնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Հովհաննես Ալեքսանյանը:
Սիմպոզիումը ներկայացուցչական էր, մասնակցել են Պեկինի, Շանհայի, Դալյանի գիտական ու համալսարանական տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ, կարդացվել է ավելի քան 20 զեկուցում, առանձնացվել են մի քանի հիմնական թեմաներ և ուղղություններ՝ Հայաստանի քաղաքական, տնտեսական, սոցիալական զարգացումները, միջազգային ու տարածաշրջանային իրավիճակը Հայաստանի շուրջ, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախագիծը և այլք:
Գիտական այդ նստաշրջանին մասնակցել են Չինաստանում ՀՀ դեսպանատան աշխատակիցները՝ հյուպատոս Արտակ Կալաչյանի գլխավորությամբ:
Հայ և չինացի գիտնականների զեկույցները կարևոր էին հայ-չինական դարավոր հարաբերությունների պատմության արժևորման, Հայաստանի ու նրա պատմության, մեր տարածաշրջանի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ, որոնց առնչությամբ կարևոր մտքեր փոխանակվեցին և ճշգրտումներ կատարվեցին:
Սփյուռքի նախարարության աշխատակից Հովհաննես Ալեքսանյանի զեկույցը նվիրված էր հայ-ռուսական հարաբերություններին և այդ համատեքստում ՌԴ հայ համայնքի կարևոր դերակատարությանը:
«Գիտաժողովի խորագիրը լիովին բացահայտում էր Հայաստանի նկատմամբ Չինաստանի առանձնակի վերաբերմունքը, մշտապես ընդգծվում էր հայ և չին ժողովուրդների համաշխարհային քաղաքակրթական խորքը: Չինական կողմը հետաքրքրված է մեր երկրի հետ գիտական, կրթական, տնտեսական ու քաղաքական գործակցության հնարավորություններով: Հաստատվել են կապեր, որոնք օգտակար կարող լինել հետագա գործակցության համար, այդ թվում՝ չինական սփյուռքի ուսումնասիրման տեսանկյունից»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում նշել է Հովհաննես Ալեքսանյանը:
Տեղեկանք. Չինաստանի հայ համայնքն արագ զարգացող ու երիտասարդ համայնքներից է ամբողջ Հարավ-արևելյան Ասիայում: Տարբեր տվյալներով, ներկայումս Չինաստանում բնակվում է 800-900 հայ, որոնք կենտրոնացած են հիմնականում Հոնկոնգում, Շանհայում, Շենջենում, Նանկինում, Պեկինում, Հարբինում: Այստեղ ստեղծվել և գործում են մի շարք կառույցներ՝ «Հոնկոնգի և Չինաստանի հայկական համայնքը», «Չինահայ լրագիրը» (http://www.chinahay.com), «Չինաստանի հայկական ուսանողական միությունը» և այլն:
Այսօր Չինաստանում աշխատանքային պայմանագրով աշխատում և սովորում են շուրջ 1000 ՀՀ քաղաքացիներ: