Պեկինը (չինարեն՝ Բեյցզին, բառացի՝ հյուսիսային մայրաքաղաք) գտնվում է Չինական մեծ հարթավայրում՝ Սիշանյան լեռների ստորոտում, Յունդիհե գետի ավազանում: Կլիման բարեխառն է, մուսոնային: Հունվարի միջին ջերմաստիճանը –4,5օC է, օգոստոսինը՝ 26 օC, տարեկան տեղումների միջին քանակը՝ 630–640 մմ: Պեկինն իր հարակից շրջաններով առանձնացված է որպես կենտրոնի ենթակայության ինքնուրույն վարչական միավոր. կազմված է 18 նահանգային ու 273 գավառական միավորներից: Պեկինը Չինաստանի 3-րդ խոշոր քաղաքն է՝ Չունցինից ու Շանհայից հետո, մոլորակի ամենաարագ աճող քաղաքային ագլոմերացիան, Չինաստանի ամենախոշոր տրանսպորտային հանգույցը, որտեղ խաչաձևվում են բազմաթիվ երկաթուղիներ և ավտոմայրուղիներ, ավելի քան 100 օդային ուղիներ: Պեկինում է Շոուդու միջազգային օդանավակայանը, գործում է մետրոպոլիտեն (1970 թ-ից): Քաղաքը նախանավահանգիստ է Դեղին ծովի Բոհայվան ծոցում (ծովից հեռու է 180 կմ) և Պեկինի ջրանցքով (25 կմ) կապվում է Յունդինհե գետին: Չինաստանի խոշորագույն ուսումնական հաստատություններից` մայրաքաղաքում են Պեկինի համալսարանը (1898 թ.), բազմաթիվ բուհեր, գիտահետազոտական ինստիտուտներ, ՉԺՀ գիտությունների, բժշկական և գյուղատնտեսական գիտությունների ակադեմիաները, աստղադիտարանը, բուսաբանական այգին: Գործում են Գեղարվեստի պատկերասրահը, Չինաստանի պատմության, Չինական հեղափոխության, Գուգուն (նախկին կայսերական պալատը) և այլ թանգարաններ, գրադարաններ, թատրոններ: Չինական օպերային արվեստը, որի կենտրոնը Պեկինն է, չինական մշակույթի գլխավոր նվաճումներից է. այն երգի, երկխոսության և ժեստերի, շարժումների, մարտական հնարքների ու ակրոբատիկայի բեմական գործողությունների համադրություն է: Պեկինի պատմական մասը կառուցվել է խիստ երկրաչափորեն. կազմված է Ներքին ու Արտաքին քաղաքներից: Հնագույն՝ Ներքին քաղաքը ներառում է Կայսերական քաղաքի համալիրը, որի միջուկը Փակ քաղաքն է՝ Կայսերական պալատի համալիրով (XV դարի 1-ին կես): Կայսերական քաղաքի համալիրում են Տայմյաո (նախնիների հիշատակի) տաճարը (1420 թ., վերակառուցվել է 1544 թ-ին), Երեք ծովերի զբոսայգին և այլ շինություններ: Արտաքին քաղաքի հարավային մասում է «Երկնքի տաճար» համալիրը (1420–1530 թթ., վերակառուցվել է XVIII–XIX դարերում): 1949 թ-ին Ժողովրդական հեղափոխության հաղթանակից հետո սկսվել է Պեկինի վերակառուցումը. ընդարձակվել է գլխավոր մայրուղին, կառուցվել են բազմաթիվ բնակելի տներ, հասարակական շենքեր, ստեղծվել են նոր թաղամասեր: Քաղաքական-վարչական կենտրոնը Տյանանմին հրապարակն է, որի արևմտյան և արևելյան մասերում են Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական համագումարների, Չինական հեղափոխության և Չինաստանի պատմության թանգարանների շենքերը: Պեկինում են անցկացվել XXIX օլիմպիական խաղերը (2008 թ.):