ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Այլազգի զբոսաշրջիկների ճանապարհորդական նախասիրությունների թոփ ուղղությունը Չինաստանն է: Հաշվի առնելով այդ հանգամանքը, ՉԺՀ իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի երկիրը դարձնեն ավելի հարմարավետ ու գայթակղիչ տուրիստական հոսքերը կրկնապատկելու համար: Ստորև ներկայացնում ենք թոփ քաղաքները, որոնք համարվում են տուրիզմի շահութաբեր կենտրոններ:
Պեկինը Չինաստանի մայրաքաղաքն է, դարեր շարունակ եղել է մշակութային և քաղաքական կենտրոն։ Այն հայտնի է իր բազմաթիվ շքեղ պալատներով, թանգարաններով, հսկայական քարե պատերով ու դարպասներով։ Այստեղ գործում են Գեղարվեստի պատկերասրահը, Չինաստանի պատմության, Չինական հեղափոխության, Գուգուն և այլ թանգարաններ, գրադարաններ, թատրոններ։ Պեկինը Չինաստանի ամենախոշոր տրանսպորտային հանգույցն է, որտեղ խաչաձևվում են բազմաթիվ երկաթուղիներ և ավտոմայրուղիներ, ավելի քան 100 օդային ուղիներ, գործում է նաև մետրոպոլիտեն։ Պեկինում է Շոուդու միջազգային օդանավակայանը։ Քաղաքը նախանավահանգիստ է Դեղին ծովի Բոհայվան ծոցում և Պեկինի ջրանցքով կապվում է Յունդինհե գետին։
Շանհայը Չինաստանի ամենամեծ նավահանգստային քաղաքն է։ «Շանհայ» թարգմանաբար նշանակում է «Քաղաք ծովի վրա»: Այստեղ այցելության ամենալավ եղանակը գարունն ու աշունն է։ Քաղաքը արևելյան Չինաստանի երկաթուղային գլխավոր հանգույցն է և երկաթուղով կապվում է երկրի հյուսիսին և հարավին: Գլխավոր կայարանը գտնվում է Սուժու ջրանցքի հյուսիսում: Շանհայը Չինաստանի միակ քաղաքն է, որ ունի երկու օդանավակայան: Միջազգային թռիչքները սպասարկում է Պուդոնգի միջազգային օդանավակայանը, իսկ ազգային թռիչքները՝ Հոնգքիաոյի օդանավակայանը: Շանհայի ժողովրդական հրապարակում է գտնվում շուրջ 40 մետր բարձրությամբ Շանհայի մեծ թատրոնը: Շանհայը հարուստ է թանգարաններով, որոնցից են «Պատմության և արվեստի թանգարանը», «Բնական գիտությունների թանգարանը», Շանհայի թանգարանը:
Գուանչժոուն քաղաք և նավահանգիստ է Չինաստանի հարավարևելյան մասում։ Գտնվում է Հարավ–Չինական ծովից 110 կմ հեռավորության վրա, Չժուցզյան գետի դելտայում։ Չինաստանի տնտեսական կարևորագույն կենտրոններից է, երկրի տրանսպորտային խոշոր հանգույցը: Այն բնակչության թվով 3-րդն է՝ զիջելով միայն Պեկինին և Շանհային։ Գուանչժոուն Գուանդուն երկրամասի կենտրոնն է։ Քաղաքը հայտնի է չինական ավանդական ուտեստներով: Այստեղ կան ինչպես հնագույն տաճարներ՝ կառուցված դեռևս 6-րդ դարում, այնպես էլ ժամանակակից առևտրի կենտրոններ:
Հոնկոնգը Չինաստանի հատուկ վարչական շրջան է, Ասիայի և աշխարհի առաջատար ֆինանսական կենտրոններից մեկը։ Տեղակայված է Կոուլունի թերակղզու, ինչպես նաև ավելի քան 260 կղզիների վրա, որոնցից ամենախոշորը Հոնկոնգ, Լանտաու և Լամմա կղզիներն են։ Արևմուտքից, հարավից և արևելքից շրջապատված է Հարավ-Չինական ծովով: Հոնկոնգն ընդունված է բաժանել երեք մասի՝ բուն Հոնկոնգ կղզին, Կոուլուն և նոր տարածքներ։
Շենչժեն քաղաքը գտնվում է Չինաստանի հարավում: Այն առանձնանում է ժամանակակից կառույցներով, տուրիստական այնպիսի վայրերով, ինչպիսիք են Էթնոգրաֆիկ գյուղը, սաֆարի-պարկը և լողափնյա հանգստավայրերը: Տուրիստների շրջանում բավականին հայտնի է «Պատուհան դեպի աշխարհ» թեմատիկ այգին, որտեղ գտնվում են Էյֆելյան աշտարակի, եգիպտական բուրգերի և Թաջ Մահալի կրկնօրինակները:
Սիանը Չինաստանի քաղաքներից է և գտնվում է Հուանհե գետի Վեյհե վտակի հովտում։ Չինաստանի մշակութային խոշոր կենտրոններից է, տրանսպորտային հանգույց: Այն ունի շատ հին պատմություն. հիմնադրվել է ավելի քան 3100 տարի առաջ և երկրի՝ 13 դինաստիաների կառավարման ժամանակ, եղել է Չինաստանի մայրաքաղաքը։ Ներկայումս Սիանում և շրջակայքում պահպանվել են ճարտարապետական հուշարձաններ, այդ թվում՝ Դայանտա և Սյաոյանտա բուդդայական պագոդաները։
Լհասան Չինաստանի քաղաքներից է, Տիբեթական ինքնավար շրջանի վարչական, տնտեսական և մշակութային կենտրոն, համարվում է նաև առևտրա-արհեստավորական կենտրոն և տրանսպորտային հանգույց։ Գտնվում է Զիչու գետի հովտում: «Լհասա» թարգմանաբար նշանակում է «աստվածային վայր»: Այստեղ են գտնվում մի շարք տաճարներ, ինչպես նաև Պոտալա պալատը, որը Դալայ Լամայի բնակության վայրն էր:
Սանյան տրոպիկական ծովափնյա հանգստավայր է Չինաստանի հարավում, բավականին հայտնի է տուրիստների շրջանում իր ծովափերով: Բացի ծովափերից, այստեղ է գտնվում նաև 2005-ին կառուցված Գուանին բուդդիստական արձանը՝ 108մ բարձրությամբ: Քաղաքը հայտնի է նաև թեյերի բազմազան տեսականիով:
Նյութը embassy.am