ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինաստանում պատկերը առաջին անգամ շարժ է ստացել 1896 թ. օգոստոսի 11-ին, Շանհայում, որը տևական ժամանակ հանդիսանում էր չինական կինոյի դարբնոցը: Դե, իսկ 1902 թ. շարժվող պատկերների արվեստը տեղափոխվեց Պեկին, որտեղ 1905 թվականին պեկինցի լուսանկարիչ Ժեն Ցինտայը շարժական ժապավենի վրա նկարահանեց անվանի դերասան Տան Սինպեյի գլխավոր դերակատարմամբ` «Դինցյունշանի ճակատամարտը» երաժշտական դրամայի, հիշարժան տեսարաններից մեկը: Ցավոք սրտի, առաջին չինական ֆիլմի միակ նմուշը ոչնչացվել է 40-ականներին` հրդեհի ժամանակ:
Չինական կինոյի համար բեկումնային էր 1931 թվականը, երբ լույս տեսավ առաջին հնչյունային ֆիլմը` «Կարմիր պիոնով երգչուհին»: Այսպես մեկնարկում է ֆիլմարվեստի ոսկե դարաշրջանը` տարբեր ժամանակներում իր մեջ արտացոլելով ձախ հայացքներից մինչև ազգայնականների և կոմունիստների բախումները:
Ճապոնիայի հարձակումը և հետագա գաղութացումը չէին կարող չազդել չինական կինոարվեստի վրա: Այդ ժամանակի կինոգործիչները լքում են ճապոնացիների կողմից օկուպացված Շանհայը և հաստատվում Հոնկոնգում, Չոնչինում և այլ վայրերում: Թեև որոշ ժամանակ անց, կինոյի փառքը նորից վերադարձավ Շանհայ, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներիին դարձավ օտարերկրյա ռեզիդենտների բնակության վայր. բազմաթիվ անգլիացի, գերմանացի ռեժիսորներ սկսեցին կինոներ նկարել այնտեղ: Բայց դա արդեն լրիվ ուրիշ պատմություն է:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…