ARWU.Չինաստանի լավագույն համալսարանները
February 20, 2019
Կոնֆուցիուսի ինստիտուտը անցկացրեց հերթական ձմեռային ճամբարը/լուսանկարներ/
February 21, 2019

ԿԳՆ.Մրցույթ` ՉԺ Հ բուհերում 2019-2020ուս տարի

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2019-2020 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (17 կրթաթոշակային տեղ):
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող օտար լեզուներին տիրապետող ՀՀ քաղաքացիները:
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար:

Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.

  • դիմում և դիմում-հարցաթերթիկ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը (ձևերը կցվում են)
  • չինական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
  • ավարտական փաստաթղթի՝ ատեստատի կամ դիպլոմի և դիպլոմի հավելվածի (միջուկի), պատճենները` անգլերեն կամ չինարեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ,
  • ավարտական դասարանում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից անգլերեն կամ չինարեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ,
  • բակալավրի և մագիստրոսի ավարտական կուրսերում սովորողները՝ ակադեմիական տեղեկանք ամբողջ ուսումնառության վերաբերյալ` նոտարի կողմից անգլերեն կամ չինարեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ,
  • ինքնակենսագրություն (CV) /անգլերեն/,
  • 2 երաշխավորական նամակ /անգլերեն կամ չինարեն/,
  • անձնագրի պատճենը,
  • բժշկական տեղեկանքներ` ըստ ներկայացվող ձևի ընդհանուր առողջության և ՁԻԱՀ/ՄԻԱՎ վերաբերյալ (անգլերեն լեզվով),
  • 3×4 չափի 4 գունավոր լուսանկար,
  • արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:

Չինական կողմից պահանջվող այլ փաստաթղթեր (ցանկը կցվում է):

Հետբուհական (ասպիրանտական) կրթության համար դիմորդները պետք է ներկայացնեն նաև`

  • ռեֆերատ՝ հայերեն լեզվով (10 էջ),
  • օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ` համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ:

Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել 2 օրինակ պատճենի հետ միասին (1+1):

Քննությունները կկազմակերպվեն` համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N597-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի»:
Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կկազմակերպվի` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»:
Հետբուհական կրթություն ստանալու համար մրցույթը կանցկացվի`  համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N238-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգի»:
Փաստաթղթերն ընդունվում են 2019 թվականի փետրվարի 19-ից  մարտի 4-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում` ժամը 13:00-14:00:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն/ արտաքին կապերի բաժին (հասցեն՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 311 և 313 սենյակներ,  հեռ. +37410-58-04-03; +374 10-56-23-64)։
Քննությունները տեղի կունենան 2019 թվականի մարտի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում:
Մրցույթը կկազմակերպվի երկու փուլով՝ մասնագիտական քննություն և հարցազրույց:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.csc.edu.cn/studyinchinawww.campuschina.org կայքէջերը:
Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ ՉԺՀ բյուջեի միջոցների հաշվին։
Թեկնածուները նաև պետք է կապ հաստատեն ՉԺՀ ընդունող բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (ք. Երևան, Վ.Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. +37410-58-04-03; +374 10-56-23-64)

Ծանոթություն. Արական սեռի ՀՀ քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման հետ կապված հարաբերությունները՝ կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N1394-ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N117-ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451 – Ն որոշումով:

Միջազգային համաձայնագրերի հիման վրա օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից գործուղված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում չի տրամադրվում: