ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 20 , ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: 2018 թ. մարտին Չինաստանի Նանկին քաղաքի Մանկավարժական համալսարանի Գեղարվեստի ակադեմիայի հրավերով Չինաստան ժամանեցին մի խումբ հայ արվեստագետներ՝ մասնակցելու պլեներային գեղանկարչությանն ու արդյունքում հայ-չինական համատեղ խմբային ցուցահանդեսին:
2019 թ. մարտին՝ մեկ տարի անց, Հայաստանի նկարիչների միության հրավերով Երևան պատասխան այցով ժամանելու են վերոնշյալ համալսարանի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր-արվեստագետները մարտի 25-27-ը կայանալիք ցուցահանդեսում հայ հասարակությանը ներկայացնելու չինական ավանդական ջրաներկ աշխատանքները, գրչագրությունը և յուղաներկ կտավները: Նանկինցի արվեստագետների աշխատանքները կցուցադրվեն Նկարիչների միության ցուցասրահում:
Պետք է նշել, որ Նանկինը Չինաստանի հնագույն քաղաքներից է, որը եղել է Մետաքսի ճանապարհի կարևոր մշակութային և առևտրային օղակ:
Կազմակերպիչներից Անի Մարգարյանը նշեց,որ սույն ցուցահանդեսը նշանակալից քայլ է Նոր Մետաքսի ճանապարհի ժամանակ հայ-չինական մշակութային փոխառնչություններն ամրապնդելու գործում, և սույն միջոցառումներն անշուշտ շարունակական են լինելու: