ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 5, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Օտար երկիր մեկնելիս շատ օգտակար է տվյալ երկրի առանձնահատկություններն ուսումնասիրելը: Դա հեշտացնում է ճանապարհորդությունը և օգնում է հնարավորինս խուսափել անցանկալի բարդություններից:
Չինաստանը շատ յուրահատուկ երկիր է: Քաղաքակրթությունների տարբերությունը երկիր այցելողների մոտ առաջացնում է ամենամեծ շոկը: Եթե պատրաստվում եք գնալ Չինաստան որպես զբոսաշրջիկ, արժե ուշադրություն դարձնել հետևալ փաստերին.
1. Չինաստանում շրջանառության մեջ գտնվող արժույթը մեկն է՝ չինական յուանը: Երկրում առևտուրը կատարվում է բացառապես յուանով: Արտարժույթի փոխանակում կատարվում է միայն բանկերում, օրվա կտրվածքով սահմանափակ քանակի: Պետք է պարտադիր ունենալ անձնագիր, հնարավոր է պահանջվի նախնական գրանցում գործարքի համար: Հարմար կլինի, եթե ունենաք կանխիկ գումար առևտրի համար: Տարածված է նաև մոբայլ վճարումների համակարգը:
2. Չինաստան գալուց առաջ պետք է իմանալ, որ ինտերնետ տարածքում գործում է Չինական Մեծ արգելաՊատը (Great Firewall of China), որով արգելափակված են մի շարք կայքեր, այդ թվում՝ Google, Youtube, Facebook, Instagram, Twitter, և դրանցից օգտվելու համար նախապես պետք է ունենաք VPN ծառայություն: Կան վճարովի և անվճար տարբերակներ:
3. Չինաստանում տաքսի ծառայություններից օգտվելիս հարկավոր է հաշվի առնել, որ տաքսիստների մեծամասնությունը չի խոսում անգլերեն, և ցանկալի վայրը հասնելու համար անհրաժեշտ կլինի նախապես հասցեն չինարեն գրված ունենալ: Կիլոմետրաժի ցուցիչ չունեցող տաքսիների հետ գինը հարկավոր է պայմանավորվել նախապես, ընդ որում կարելի է բավական սակարկել:
4. Սակարկելու մասին. սուպերմարկետներից բացի այլ մասնավոր առևտրի կետերում, շուկաներում, տոնավաճառներում չինացիները սիրում են սակարկել: Այդպիսով կարելի է ապրանքը ձեռք բերել շատ ավելի ցածր գնով, քան նախնական նշվածն էր:
5. Թե՛ մեծ, թե՛ փոքր քաղաքներում փողոցով քայլելիս չինացիները կարող են երկար նայել ձեզ, բարևել, մոտենալ խոսել կամ առաջարկել նկարվել: Հիմնականում դա անմեղ բնույթ է կրում և զգուշանալու կարիք չկա:
6. Փողոցում կամ այլ հասարակական վայրերում կարող եք հաճախ հանդիպել, որ չինացիները սովոր են թքել, ընդ որում անում են անկախ սեռից, տարիքից, վայրից և շուրջը գտնվող այլ մարդկանցից: Դա մեզ համար կարող է զարմանալի լինել, բայց միևնույն ժամանակ չինացիները չեն հասկանում, թե ինչու ենք մենք մաքրում մեր քիթը և պահում մեզ մոտ:
7. Հասարակական վայրերում կզգաք անձեռոցիկի և զուգարանի թղթի պակաս այնտեղ, որտեղ ակնկալվում է, որ դրանք պետք է լինեն: Ձեզ հետ ունեցեք թղթեր անհրաժեշտության դեպքում օգտագործելու համար:
8. Չինական սրճարաններում, ռեստորաններում մատուցողները կարող են ձեզ չմոտենալ, մի քաշվեք և առաջինը դուք կանչեք նրանց: Հաշիվը վճարում եք պատվիրելուց անմիջապես հետո: Այստեղ չկա սովորություն թեյավճար թողնելու: Եթե մի քանի բան եք պատվիրել (ապուր, դեսերտ և այլն), ապա հավանաբար նրանք ամենը կբերեն միանգամից և ոչ հերթականությամբ:
9. Փողոցային սննդի կետերը ամենուր են, մեծ և փոքր, ամենատարբեր տեսականիով: Եթե ցանկանում եք ընտրել, թե որտեղից օգտվել, տեսեք, թե որտեղ կան շատ այցելուներ, այդ վայրը հավանաբար ավելի լավ սնունդ և սպասարկում կունենա:
10. Օդանավակայանները և գնացքի կայարանները Չինաստանում բավական մարդաշատ են, այնպես որ ժամանեք մեկնման վայր մի քանի ժամ առաջ, կայարան՝ երկու, օդանավակայան երեք ժամ առաջ, որպեսզի խուսափեք մեծ հերթերի պատճառով ուշացումներից: Գնացքների ցանցը աշխատում է գրաֆիկով, և ուշացումները անհամեմատ ավելի քիչ են, քան ինքնաթիռների գրաֆիկային խախտումները:
Սրանք այն մի քանի խորհուրդներն էին, որոնք ձեզ կարող են օգնել կողմնորոշվել Չինաստանում: Հաճելի ճամփորդություն:
Հեղինակ՝ Լուսինե Ալեքսանյան (Lusine Aleksanyan)