ԵՐԵՎԱՆ,ՄԱՐՏ 20,ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինաստանի իշխանությունները մտադիր են COVID-19 թոքաբորբի բուժման համար օգտագործել հակագրիպային «Ավիգան» դեղամիջոցը, հաղորդել է NHK հեռուստաալիքը:
Ըստ կենսատեխնոլոգիայի զարգացման ազգային կենտրոնի ղեկավար Ճան Սինմինի, Չինաստանի իշխանությունները դեղամիջոցը փորձարկել են Վուխանում և Շենճենում: Թեստերին մասնակցել են համապատասխանաբար 240 և 80 հիվանդներ:
Միջինում երկուսուկես օրվա ընթացքում կարգավորվել է հիվանդների ջերմությունը. առանց դեղորայքի օգտագործման, այդ պրոցեսը տևել է ավելի քան չորս օր: «Ավիգանի» օգտագործումից չորս ու կես օր անց, դադարել է հիվանդների հազը: Դեղորայք չընդունած հիվանդների մոտ կորոնավիրուսի այս ախտանիշն անցել է գրեթե վեց օրվա ընթացքում: