“Իմ Չինական Պատմությունը” ծրագիրը իրականացվում է Կոնֆուցիուսի ինստիտուտի նախաձեռնությամբ
Չինաստանն Այսօր,Հունվար 14,2022.Ես հավատում եմ, որ մեր կյանքի բոլոր ճանապարհները ուղղված են մեզ վերագտնելու համար։
2019թ․ Օգոստոսի 28, ինքնաթիռս վայրեջք կատարեց Հարբին քաղաք։ Առաջին տպավորությունից քաղաքը ինձ շատ սառը և անշուք թվաց։ Առաջին միտքը որ ծագեց իմ մեջ, վերադառնալու ցանկությունն էր, բայց ինչպես արդեն նշեցի բոլոր ճանապարհները տանում են ինչ-որ մի ուղղությամբ, դեպի ինչ-որ մի կետի։ Քննական շրջանում, երբ լարվածությունը բավականին շատ էր, երբ հոգեբանորեն ոչ կայուն վիճակում էի, որոշեցի փնտրել Հարբինի տեսարժան վայրերից լավագույնը և առաջինն ինչ աչքի ընկավ իր անվանումով Հարբինի «երջանկության» տաճարն էր։ Եվ այդպես ես ընդամենը քսանհինգ րոպեյում հայտնվեցի Հարբինի «երջանկության» տաճարում։ Առաջին իսկ վարկյանից անասելի հանգստություն։ Հազարավոր տաճարների մեջ, որոնք այցելել էի նախկինում, այս տաճարը դարձավ իմ երկրորդ տունը, դարձավ այն միակ վայրը որտեղ ես վերագտա ինձ, իմ բոլոր վախերը և կիսատ մնացած հարցերի պատասխանները ես կարողանում էի գտնել այստեղ։ Հետաքրքիր էր այն փաստը, որ անգամ տաճարի անվանումը ինձ զարմացրեց «երջանկության» տաճարում ես գտա իմ երջանկությունը։ Եվ այսպես մեկ տարի շարունակ, ամեն օր իմ քայլերը ինձ տանում էին դեպի տաճար։ Իմ բոլոր ընկերները ինձ հետ գալիս էին տաճար, բայց ոչ ոք չէր կարողանում հասկանալ տաճարի կախարդական ուժը։ Երբ ավարտվեցին դասընթացներս և արդեն գնել էի ետ վերադարձի տոմսը, որոշեցի վերջին անգամ գնալ տաճար, նստած տաճարի աստիճաններին արտասվում էի, նոր էի վերագտել ինձ և ահա նորից նոր ճանապարհ, նոր բացահայտումներ, միգուցե նոր ձեռքբերումներ կամ կորուստներ։ Երբ վերջապես դուրս եկա տաճարից և արդեն պատրաստվում էի վերադառնալ համալսարան, հեռվից ինչ-որ ձայն լսեցի։ Ընկերս ասաց, որ ետ նայեմ, ինձ են կանչում, շրջվեցի և տաճարի պահակը մոտենալով ինձ ափիս մեջ մի արձանիկ դրեց, շշնջալով ասաց որ արձանիկը տալիս է ինձ և հավելեց, որ մինչ այդ ոչ ոքի չի նվիրել։ Ժպտացի, գրկեցի նրան և մի փոքր հանգստացա, ինձ հետ տաճարի մի մասնիկը տարա, մի կտոր երջանկություն։ Սառցե քաղաքում, Հարբինում, ուր ամեն տարի անցկացվում է «Հարբինի սառույցի և ձյան քանդակների միջազգային փառատոնը», ու իսկապես բավականին ցուրտ էր, ես գտա իմ ջերմությունը, գտա այն ՏԱՃԱՐՈՒՄ։
Նարինե Մարտիրոսյան