ԿԳՆ-ն պարգևատրեց Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրենին
November 23, 2018
Միկիի 90-ամյակը նշել են Պեկինում
November 26, 2018

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՊԵԿԻՆՈՒՄ

Նոյեմբերի 11-12-ին Պեկինում տեղի ունեցավ «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» վերնագրով գիտաժողովՙ Միջազգային բարեկամական ընկերությունների չինական ընկերակցության Խաղաղության եւ զարգացման ուսումնասիրությունների կենտրոնի նախաձեռնությամբ, տասնչորս չինացի եւ վեց հայ գիտնականների մասնակցությամբ: Նախկինում Չինաստանում Հայաստանին վերաբերող նման մեծ գիտաժողով տեղի չէր ունեցել, որը կյանքի կոչվեց մոտ մեկ տարի տեւած նախապատրաստական աշխատանքների, մասնավորապեսՙ ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Արարատ Կոստանյանի եւ վերոհիշյալ Կենտրոնի ջանքերի շնորհիվ: Չինաստանում որոշ ժամանակ բնակված լինելու եւ այնտեղ ունեցած մասնագիտական կապերի շնորհիվ Արարատ Կոստանյանին հաջողվել էր չինական որոշակի շրջանակների հետաքրքրությունն առաջացնել մերօրյա հայաստանյան իրականության հանդեպ եւ սույն գիտաժողովի միջոցով երկկողմ համագործակցության առաջին քայլը կատարել:

Առաջին օրը գիտաժողովի մասնակիցները լսեցին հետեւյալ զեկուցումները. «Հայաստանի զարգացումն աշխարհաքաղաքականության մեջ. ստատուս քվոն եւ հեռանկարները» (Սյու Հաիյան, Սոցիալական գիտությունների չինական ակադեմիա, Քաղաքագիտության ինստիտուտ), «Հայաստան-Չինաստան. առնչությունների երկու հազար տարի» (Արծվի Բախչինյան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ), «Արեւելյան Թուրքեստան» սեպարատիզմի տեսական աղբյուրը Չինաստանի Սինյանում» (Լի Շենգ, Սոցիալական գիտությունների չինական ակադեմիա, Չինական սահմանային երկրների ուսումնասիրությունների ինստիտուտ), «Ազգայնականացումից դեպի պետականացում. հայկական կուսակցությունների քաղաքական զարգացման ներքին տրամաբանությունը» (Ֆենգ Յոնգպինգ, Սոցիալական գիտությունների չինական ակադեմիա, Հանրային կառավարման կրթական կենտրոն), «Հայաստանի իրավիճակը փոխվող միջազգային համատեքստում» (Ճանգ Հոնգ, Սոցիալական գիտությունների չինական ակադեմիա, Ռուսական, արեւելաեվրոպական եւ միջինասիական ուսումնասիրությունների ինստիտուտ), «Վերջին քաղաքական փոփոխությունները Հայաստանում. ազդեցություն եւ հեռանկարներ» (Յանգ Ջին, Սոցիալական գիտությունների չինական ակադեմիա, Ռուսական, արեւելաեվրոպական եւ միջինասիական ուսումնասիրությունների ինստիտուտ), «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» (Սուրեն Պարսյան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան), «Աշխարհագրական եւ տարածաշրջանային արտադրանքի բաժանման ցանցի ազդեցությունը Հայաստանի տնտեսական զարգացման վրա» (Սյու Պոլինգ, Սոցիալական գիտությունների չինական ակադեմիա, Ռուսական, արեւելաեվրոպական եւ միջինասիական ուսումնասիրությունների ինստիտուտ), «Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները. նոր հեռանկարներ» (Գոհար Իսկանդարյան, ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտ), «Հայաստանի տնտեսական զարգացման առանձնահատկություններն անկախությունից հետո» (Ֆու Յուչենգ, Սոցիալական գիտությունների չինական ակադեմիա, Քաղաքագիտության ինստիտուտ), «Հայաստանը միջազգային հակաահաբեկչական համատեքստում» (Վանգ Ջիանգ, Սոցիալական գիտությունների չինական ակադեմիա, Իրավունքի ինստիտուտ) եւ «Հայկական աշխարհաքաղաքականության մեջ կրոնական գործոնների ազդեցության նախնական ուսումնասիրություն» (Վեյ Սյին, Պեկինի քաղաքապետարանի հանձնախմբի կուսակցական դպրոցի հանդես):

Գիտաժողովի երկրորդ օրը կարդացված զեկուցումներն էինՙ «Հայկական դիվանագիտության կարգավիճակը եւ բնութագիրը» (Սուն Յուհուա, Դալիանի օտար լեզուների համալսարան), «Հայաստանի անվտանգության հարցերը նոր Հայաստանում» (Արթուր Եղիազարյան, ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության վերլուծության եւ մոնիթորինգի վարչություն), «Հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ. մի կոշտ հանգույց Անդրկովկասի աշխարհաքաղաքական զարգացումների համար» (Վանգ Մինգյե, Չինաստանի նավթի համալսարան), «Հայ-չինական ռազմավարական հարաբերությունների ներկա հեռանկարները» (Արարատ Կոստանյան, ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտ) եւ «Հայ-ռուսական հարաբերությունները ներկա փուլում» (Հովհաննես Ալեքսանյան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, ՀՀ Սփյուռքի նախարարություն):

Գիտաժողովին մասնակցում էին ինչպես Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի տարածաշրջանի ուսումնասիրությամբ զբաղվող երիտասարդ չինացի հետազոտողներ, այնպես էլ վաստակավոր գիտնականներ, ինչպեսՙ պրոֆեսոր Լի Շենգը, չինական պետական հեռուստակայանի նախկին վերլուծաբան, որի աշխատությունները թարգմանվել են տարբեր լեզուներով:

Զեկուցումներն ընթերցվում էին չինարեն եւ հայերեն, որոնք տեղում թարգմանում էր Պեկինում բնակվող թարգմանչուհի Լուսինե Սաֆարյանը :

Չինացի գործընկերներից շատերը հայտնում էին, որ Հայաստանի վերաբերյալ բավարար տեղեկատվություն չունեն, ուստիեւ նախապես ներողություն էին խնդրում հնարավոր բացթողումների կամ վրիպումների համար: Ամեն դեպքում, ակնհայտ էր, որ Չինաստանը Հայաստանը դիտում է որպես տարածաշրջանում իր համար առաջնահերթություն ներկայացնող մի երկիր, որի հետ համագործակցությունը եւ գործընկերությունը համարվում է միանգամայն հեռանկարային: Գիտական կարեւորությունից բացի սույն գիտաժողովը նաեւ երկուստեք ճանաչողական նպատակ ուներ: Քննարկվեցին այն հորիզոնները, որտեղ կարող են երկու երկրները համագործակցել: Բոլոր զեկուցողները մասնավորապես շեշտում էին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության կարեւորությունը: Երկուստեք ցանկություն հայտնվեց նման հանդիպումները դարձնել ավանդական եւ մոտ ապագայում համանման գիտաժողով կազմակերպել Երեւանում:

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

azg.am