Չինաստանը հին և հարուստ պատմություն ունի։ Մ.թ.ա. 6-րդ հազարամյակում ներկայիս Չինաստանի տարածք են գաղթում նեոլիթական մշակույթի առաջին զարգացած ցեղերն ու ժողովուրդները և բնակություն են հաստատում խոշոր գետերի գետաբերաններում։ Սկիզբ են առնում Յանգշաո, Ցզինլի և Միջաբանգ քաղաքակրթությունները։ Մոտ մ.թ.ա. 3-րդ հազարամյակում, բրոնզե դարի սկզբում բոլոր այս հնագույն ժողովուրդներն ու էթնոսները վերանում են, կազմավորվում են նորերը, որոնցից են Սանցզինգդուին (մ.թ.ա. 12-11 դարեր), որոնք ապրում են ժամանակակից Չինաստանի Սիչուան նահանգում, կամ Էրլիտուները` արևմուտքում։ Դեռևս մ.թ.ա. II հազարամյակում հին հաները Հուանհե գետի հովտում հիմնել են իրենց պետությունը։ Բրոնզե դարի ծաղկման շրջանում Չինաստանում սկսվում է դինաստիաների դարաշրջանը։ Պատմության մեջ առաջին հայտնի դինաստիան Շանգ-դինաստիան է։ Ժողովուրդը գոյություն է ունեցել մ.թ.ա. 16-11րդ դարերում։ Այս ժամանակներից են ծագում ոսկորների վրա գրված հնագույն արձանագրությունները, որոնք գտնվել են Չինաստանում։ Պատմության ընթացքում երկիրը բազմիցս ենթարկվել է ներխուժումների, մասնատվել, բայց 5 հզ. տարի շարունակ պահպանել է բնակչության ֆիզիկական տեսակը։ 1911 թ-ին Սուն Յաթ Սենի ղեկավարությամբ Չինաստանը հռչակվել է ազգային հանրապետություն, իսկ Մաո Ցզե Դունի գլխավորությամբ քաղաքացիական պատերազմի հաղթանակից հետո՝ 1949 թ-ի հոկտեմբերի 11-ին վերակազմավորվել է Չինական Ժողովրդական Հանրապետության։ XX դարի վերջին քառորդից Չինաստանում իրականացվում է «բաց դռների» տնտեսական քաղաքականություն, տնտեսության զգալի մասը մասնավորեցվել է, որպես տնտեսության զարգացման ուղի` սահմանադրության մեջ ամրագրվել է «չինական առանձնահատկությամբ սոցիալիզմը», որի արդյունքում երկրի տնտեսությունն աննախընթաց վերելք է ապրում, զարգանում են արդյունաբերության տարբեր ճյուղեր, արտադրվում են ավտոմեքենաներ, գյուղատնտեսական մեքենաներ, օդանավեր, բազմապիսի հաստոցներ, խաղալիքներ (աշխարհում արտադրվող խաղալիքների 50 %-ը)։