Ապրիլի 20-ին ՄԱԿ-ում նշում են չինարենի օրը
April 20, 2019
Մեկնարկել է Գոտի և Ճանապարհ 2-րդ համաժողովը
April 25, 2019

7 պատճառ, թե ինչու պետք է սովորել չինարեն հենց վաղվանից

Ըստ չինարենի իմացության՝ մարդիկ բաժանվում են մի քանի խմբի.

1. Այն մարդիկ, ովքեր չգիտեն և չեն ուզում սովորել չինարեն,

2. Այն մարդիկ, ովքեր չեն մտածել չինարեն սովորելու մասին,

3. Այն մարդիկ, ովքեր սովորելու գործընթացի մեջ են,

4. Այն մարդիկ, ովքեր բավականաչափ տիրապետում են չինարենի,

5. Եվ այն մարդիկ, ովքեր չինացի են:

Եթե դուք կարդում եք այս գրառումը, ուրեմն, ամենայն հավանականությամբ, դուք չեք մտնում 5-րդ խմբի մեջ:

Եթե նախատրամադրված չեք, որ չինարեն չեք սովորելու, ապա կա՛մ պարզապես դեռ չեք մտածել սկսելու մասին, կա՛մ էլ արդեն որոշակի մակարդակի գիտեք:

Եթե սկսել եք, ապա իմացե՛ք, որ բարդ, բայց արժեցող գործ եք սկսել, կիսատ չթողնե՛ք, այլապես զուր կորած կլինի ծախսված ժամանակը, և ձեր գիտելիքը նպատակային օգտագործել չեք կարողանա: Իսկ նրանք, ովքեր սկսելու համար սպասում են համոզիչ փաստարկների, թող շարունակեն կարդալ:

1. Գաղտնիք չէ, որ Չինաստանը ամենամեծաքանակ բնակչությունն ունեցող պետությունն է աշխարհում: Այնտեղ ապրում է շուրջ 1.2 միլիարդ մարդ: Հետևաբար, չինարեն սովորելով, կկարողանաք հաղորդակցվել աշխարհի բնակչության առնվազն 1/6-րդի հետ:

2. Բացի Չինաստանից չինարեն խոսում են նաև Մալայզիայում,  Մոնղոլիայում, Բրունեյում, Ինդոնեզիայում, Սինգապուրում, նաև Թայլանդում և Ֆիլիպիններում, այնպես որ հնարավորություն կունենաք ճամփորդելու առանց լեզվական արգելքի:

3. Ոմանք ասում են, որ չինական հիերոգլիֆների թիվը հասնում է 10.000-ի, որոշ տվյալներով՝ 40.000-ի, ըստ այլ աղբյուրների՝ մինչև անգամ 80.000: Բայց այդ թվերը թող չվախեցնեն, քանի որ ներկայումս օգտագործվում է դրանց միայն մի մասը՝ շուրջ 2000-3000 հիերոգլիֆ, իսկ քերականությունը դժվար չէ. չկան բայաձևեր, ժամանակներ, թիվ, սեռ, խոնարհում, հոլովում, համաձայնեցում, տողադարձ, մեծատառ-փոքրատառ, ձեռագիր-տպատառ և այլն: Չինարենը ավելի շատ տրամաբանական լեզու է:

4. Հիերոգլիֆներից շատերը ունեն տրամաբանական-պատկերային հիմք, որն օգնում է ավելի հեշտ հիշել: Դա մարզում է ասոցատիվ հիշողությունը:

5. Ներկայումս Չինաստանի տնտեսությունը մեծ թափով աճում է: Տիրապետելով չինարենի՝ կունենաք մասնագիտական լայն հնարավորություններ, աշխատանքի դիմելիս կառանձնանաք լրացուցիչ լեզվի իմացությամբ:

6. Աշխարհի խոշորագույն ընկերությունները մասնաճյուղեր ունեն Չինաստանում: Այդպիսով՝ հնարավորություն կունենաք աշխատելու կամ համագործակցելու:

7. Չինացիները աշխարհասփյուռ են: Եվ նրանք շատ են սիրում, երբ իրենց հետ խոսում են իրենց լեզվով: Այնպես որ ցանկացած վայրում կարող եք առնչվել չինացիների հետ և զրույցում կամ բանակցություններում հաճելիորեն կառանձնանաք և առավելություն կունենաք, եթե կարողանաք շփվել չինարենով:

Սրանք այն 7 հիմնական պատճառներն էին, որոնք պետք է ձեզ համոզեն, որ կարիք չկա ժամանակ կորցնելու, կարելի է սկսել հենց վաղվանից:

Հայաստանում չինարենի խորացված ուսուցման լավագույն կենտրոնը Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանում գործող Կոնֆուցիուսի ինստիտուտն է: Այն գործում է արդեն 10 տարի: Կենտրոնում դասավանդում են Չինաստանից ժամանած մասնագետներ: Սովորելու համար չկա տարիքային սահմանափակում: Պետք է միայն ցանկություն , ժամանակ և հավատ, որ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

Հաջողություն եմ մաղթում:

 

Հեղինակ՝ Լուսինե Ալեքսանյան (Lusine Aleksanyan)