“Իմ Չինական Պատմությունը” ծրագիրը իրականացվում է Կոնֆուցիուսի ինստիտուտի նախաձեռնությամբ
Չինաստանն Այսօր,Հունվար 17,2022:Երբ արպում ես Չինաստանում, կամ երբևիցե ապրել ես Չինաստանում, շատ դժվար է մի քանի բառով ներկայացնել այն զգացումները, որ ունեցել ես․․․դրանք միանշանակ չեն, ապրումները ու զգացումները շատ տարբեր են, ինչպես տարբեր է Չինաստանն ինքնին։
Չինաստան․․․այն ընդամենը մի երկիր է, բայց իր մեջ ներառում է այնքան բազմազանություն, որ զարմանում ես, թե դա ինչպես է հնարավոր․ հյուսիսում տարբեր է, քան հարավում, արևելյան հատվածում միանգամայն տարբեր է, քան արևմտյան հատվածում։ Իսկ մեծ քաղաքներում ապրե՞լը, անխոս այն նույնպես անկրկնելի է։
Երբ ասում եմ ես ապրել եմ Չինաստանում, երկրորդ բառը, որ շեշտում եմ դա այն է, որ ապրել եմ Նանծին քաղաքում, իսկ դա փոխում է ամեն ինչ։ Նանծինը Չինաստանի հարավային, ավելի ճիշտ հարավարևելյան մեծ քաղաքներից է, բայց ոչ այնքան մեծ որքան Շանհայը ու Բեյծինը, բայց բավականին մեծ մեր Երևանից։ Մի գեղեցիկ պատմական քաղաք է, Չինաստանի հարյուրամյա մայրքաղաքը, այժմյան կանաչ համարվող քաղաքներից մեկը։
Կա մեկ բան, որ բնորոշ է Չինաստանին ամբողջության մեջ վերցրած․․․հոտը։ Չինաստանն ունի իր բույրը, և՛ լավ, և՛ վատ։ Առաջին անգամ Չինաստանի ցանկացած քաղաք ոտք դրած անձը կշնչի Չինաստանի օդը ու կառնի յուրահատուկ մի հոտ․․․չեմ կարող հաստատել, թե դա անուշ բուրմունք է․ դոուֆուի չինական ուտելիք, չինական յուրահատուկ համեմունքների, շոգ, խոնավ եղանակի, քրտնած մարդկանց հոտն է, որ դաջվում է մեր դեմքին։ Սակայն դա միայն առաջին մի քանի օրն է, հետո սովորում ես այդ ամենին, նույնիսկ հաճելի է թվում քեզ, երբ առավոտյան դասի կամ աշխատանքի գնալուց փողոցի անկյունում հոտոտում ես բաոՁը-ի, մանթոոի-ի, և կամ այլ արագ նախաճաշելու համար պատրաստվող ուտելիքների բույրը։
Իսկ երեկոյան, երբ այլևս ոչինչ չունես անելու, տանից դեպի դուրս է քաշում քեզ չինական խորովածի հոտը, և իհարկե չինացի կանանց հրապարակային պարերի երաժշտության ձայնը։
Մեկ անգամ լինելով Չինաստանում, ուզում ես անընդհատ լինել այնտեղ, կարոտում ես Չինաստանը։
Ես էլ կարոտում եմ իմ չինական կյանքը․․․քանի որ Չինաստանում կյանքն այնքան տարբեր է, այնտեղ դու երբեք չես կարող ձանձրանալ։
Աննա Ադամյան