“Իմ Չինական Պատմությունը” ծրագիրը իրականացվում է Կոնֆուցիուսի ինստիտուտի նախաձեռնությամբ
Չինաստանն Այսօր,Հունվար 24,2022: Այդպիսի զգացողություն եմ ապրում, երբ վերհիշում եմ իմ «չինական պատմությունը»: Այն սկսվել էր դեռ մանկուց, երբ ծանոթանալով արևելյան մշակույթի մի քանի տարրերի հետ, գիտեի որ այս հետաքրքրությունը, հատկապես չինականի հանդեպ, անպայման մի օր տանելու էր դեպի սկզբնաղբյուր: Առաջին չինական սիմվոլներից մեկը, որ միշտ ասոցացնում էի այս երկրի հետ յին յանգն էր (阴阳 – ), որը հետաքրքիր կերպով տեղ գտավ հետագա «չինական պատմությանս» մեջ:
Երկու տարի առաջ հայտնվեցի Չինաստանի ամենագեղեցիկ ու պատմական քաղաքներից մեկում` Հանչժոում, կրթությունս շարունակելու չինագիտության ոլորտում: Առաջին օրվանից պարզ դարձավ, որ պատկերացումներս այս երկրի մասին գրեթե լիովին տարբերվում էին իրականությունից: Չնայած դրան, մեկ-երկու շաբաթ անց այդ մշակութային շոկից հետք էլ չէր մնացել. քաղաքն ու համալսարանը կարծես ստեղծված լինեին օտարերկրացու հարմարության ու շատ առումներով, հիացմունքի համար: Հանչժոում գտնվելուս հենց երկրորդ օրը շտապեցի տեսնել հայտնի Արևմտյան լիճը, որը հազարամյակներ շարունակ ոգեշնչել էր մի շարք ականավոր արվեստագետների և´ Չինաստանում, և´ հարևան երկրներում: Այնքան հսկայական էր լճի տարածքն ու այնքան շատ` տեսարժան վայրերը, տաճարները, պագոդաներն ու թանգարանները, որ հետո ևս մի քանի անգամ վերադարձա, հասցնելու տեսնել այդ վայրերից գոնե մի քանիսը:
Անվերջ կարելի է խոսել Չինաստանի հրաշքներից ու հիշողություններից, բայց դրանց մեջ ինձ համար հատկապես առանձնացավ չինական գեղագրությունը: Այն որպես առարկա դասավանդվում էր համալսարանում, բայց բացի այդ, մեր դասախոսը, այս դեպքում վարպետը (师父), ժամանակ էր հատկացնում նաև ոչ դասային ժամերին հետաքրքրված մարդկանց (ոչ միայն ուսանողներին) ծանոթացնելու համար այս արվեստի ճյուղի հետ: «Գեղագրական հանդիպումները» միշտ անցնում էին կանաչ թեյի և չինական ավանդական երաժշտության ուղեկցությամբ, քանի որ միջավայրը անչափ կարևոր է այս գործունեության որակի համար: Չինական գեղագրությունը, բացի իր էսթետիկ գեղագիտական արժեքից, թողնում է ուժեղ մտավոր ու հոգևոր ազդեցություն այն կատարողի վրա: Ինձ համար այն մեծ բացահայտում էր նաև որպես մեդիտատիվ զբաղմունք, որի ժամանակ ցանկալի է ուժեղ կենտրոնացման հետ մեկտեղ բաց թողնել մտքերը և չմտածել ոչնչի մասին: Կենտրոնացումը, համբերատարությունը ու հատկապես մեդիտացիան համարելով բավականին դժվար` կարողացա կարճ ժամանակում լավ արդյունքներ ունենալ գեղագրության շնորհիվ: Ամենահետաքրքրական «գեղագրական» զուգադիպություններից մեկը եղավ, երբ դասախոսին պատմեցի Լու Վեյճաո անունով գեղագրության վարպետի գործերի ցուցահանդեսը պատահաբար տեսնելու մասին (Հանչժոուի Չինական Արվեստի Ակադեմիայում), ու պարզվեց որ ինքը հենց Լուի աշակերտն է: Ուսումնական տարվա ավարտին մենք ուսանողներով սովորեցինք կարմիր երկար թղթերի վրա գրել չինական ամանորին (春节) նվիրված մաղթանքներ` այսպիսով հրաժեշտ տալով այս անչափ գեղեցիկ ու յուրահատուկ դասընթացին:
Հայրենիք վերադառնալը շատ արագ ու անսպասելի եղավ, այնքան, որ նույնիսկ մոռացա բերել գեղագրության ձեռնարկը, թանաքամանը և այլ իրեր: Սակայն մինչ օրս ժամանակ առ ժամանակ վերադառնում եմ այս զբաղմունքին` փորձելով օգտագործել ձեռքի տակ եղած նյութերը: Վերադառնալով յին յանգ սիմվոլին, հետաքրքիր էր իմանալ, որ այն դաոսիզմի հիմնարար սկզբունքներից մեկն է, գեղագրության անբաժանելի մաս: Այսպես, պարզ դարձավ, որ չնայած նրան որ ժամանակն իրոք թռչում է, այն նաև վերափոխվում ու վերաիմաստավորվում է` ներկայացնելով մեզ կյանքը իր ամենատարբեր փոխկապակցված դրսևորումներով: Չինաստանը ամենահամապատասխան վայրերից է այդպիսի կապեր գտնելու և բազմաթիվ բացահայտումներ ու ինքնաբացահայտումներ անելու համար:
Թամարա Հարությունյան