Իմ չինական պատմությունը. Լիդա Պապիկյան
February 10, 2022Չինաստանի Գարնան տոնը կամ չինական նոր տարին կմեկնարկի փետրվարի 10-ին
February 6, 2024
Իմ Չինական Պատմությունը” ծրագիրը իրականացվում է Կոնֆուցիուսի ինստիտուտի նախաձեռնությամբ
Չինաստանն Այսօր,Փետրվար 10,2022: Սա պատմություն է մի մեծ երազանքի մասին, որը իրականացավ: Սա իմ պատմությունն է, որը հաստատ կմոտիվացնի ու կոգևորի բոլոր նրանց, ովքեր չինարեն են սովորում կամ պարտաստվում են սովորել:
Իմ չինական պատմությունը սկսում է 2008 թվականի օգոստոս ամսից, երբ ինձ պարտադրաբար տարան կինոթատրոն ֆիլմ դիտելու ու ես ստիպված գնացի: Հիշում եմ՝ այդ որը շատ տխուր էի, կարծեմ ատամիս ցավի պատճառով ու ես, այլ ելք չունենալով, գնացի ֆիլմ դիտելու՝ նույնիսկ գլխի չընկնելով, որ այդ մեկ օրը կփոխի իմ ամբողջ կյանքը, ինձ համար նոր երազանքներ կբերի, կփոխի իմ աշխարհընկալումն ու առավել ևս 2018-ին, տասը տարի անց կտանի Չինաստան…
Ֆիլմը Չինաստանի Ցին արքայատոհմի և առաջին չինական կայսրության հիմնադիր Ցի Շի Հուանդիի մասին ֆանտաստիկ մարտաֆիլմ էր: Ֆիլմից հետո ինձ հարցրին՝ հավանեցիր ֆիլմը, ասացի՝ իհարկե ոչ: Բայց դա իհարկե ճիշտ չէր: Ֆիլմի DVD տարբերակը գտնելուց և մի հազար անգամ նայելուց հետո, հայտարարեցի՝ ուզում եմ սովորել ֆիլմի լեզուն և երբ սովորեմ՝ պետք է հանդիպեմ ֆիլմի իմ սիրելի դերասանուհուն: Նույն գիշերը պահեցի իմ մեծ երազանքները՝ սովորել չինարեն, գնալ Չինաստան ու անպայման հանդիպել իմ սիրելի չինացի դերասանուհուն:
Իմ չինարենի առաջին քայլերի համար երախտապարտ եմ Կոնֆուցիուսի ինստիտուտին, որը մեր տանից հետո եղել է իմ ամենասիրելի վայրը, որտեղ գնացել եմ սիրով ու տուն եմ եկել սպասումով որ նորից գնամ:
Ուսանողական տարիներին տարբեր խնդիրների պատճառով ես երբեմն հանձնվում էի, կոտրվում էի, Չինաստանը թվում էր՝ անհաս երազ, իսկ չինարենը անհաղթահարելի դժվարություն: Բայց անհնար ոչինչ չկա, քանի դեռ ունես մեծ երազանքներ ու ամենակարևորը ցանկություն դրանց հասնելու, իսկ երազանքները անպայման կատարվում են:
2018-ին իրականացավ իմ ամենամեծ երազանքը և ես գնացի Չինաստան: Ուրախությանս չափ ու սահման չկար: Միայն Պեկինի օդանավակայանում գիտակցեցի՝ իրոք Չինաստանում եմ: Հանբանի կրթաթոշակը ստանալով սկսվեցին իմ կյանքի ամենաուրախ վեցը ամիսները, որոնք ես անցկացրի Թիենծին քաղաքում, Նանկայի համալսարանում: Մեր համալսարանը ամեն
ինչ անում էր, որ մեր օրերը լինեն հագեցած ու հաճելի, որի համար շնորհակալ եմ իմ սիրելի Նանկայի համալսարանին, հուսամ շուտով էլի կհանդիպենք…
Այնտեղ ես հարստացրի իմ գիտելիքները, ձեռք բերեցի շատ նոր ընկերներ, այցելեցի շատ պատմական վայրեր այդ թվում չինական Մեծ պարիսպը, հեքիաթային քաղաքներ, տեսա իմ սիրելի լոտոսների լճերը ու հասկացա՝ արժեր օրուգիշեր պարապել ու պարապել, հաղթահարել ամեն փոքրիկ դժվարություն: Իմ սիրելի դերասանուհուն դեռ չեմ հանդիպել դա էլ թող մնա մյուս անգամ: Միայն նամակ եմ ստացել ու գիտեմ՝ ինձ ճանաչում է: Գիտի, որ Հայաստանում մի մեծ երկրպագու ունի:
Չինաստանից վերադառնալուց հետո, մի շարք վերապարտաստումներից հետո, դասավանդում եմ չինարեն ու պատիվ ունեմ համագործակցել ԿԻ-ի հետ, որտեղից սկսել եմ իմ առաջին քայլերը չինարեն սովորելիս: Սա իրոք իմ ամենամեծ ձեռքբերումներից մեկն է:
Իսկ հիմա ամենակարևորի մասին…
Հիմա չինարենը դասավանդվում է մի շարք հանրակրթական դպրոցներում ու ուզում եմ՝ աշակերտները գիտակցեն այն հրաշալի հնարավորությունը, որը ունեն: Իմ չինական պատմությունը շատ ավելի մանրամասն պատմում եմ բոլորին ու երբ վերջում ասում եմ՝ սա իմ պատմությունն է, բոլորը այնպես են նայում ասես ֆիլմի հերոսուհի լինեմ, որը իրենց առաջ է կանգնած, իսկ դրանից հետո գալիս են երեխաների ինձ ուղղված հազարավոր հարցերը: Իմ ամենամեծ ձեռքբերումն այն մարդիկ են, որոնք սկսում են ճանաչել ու սիրել Չինաստանը իմ միջոցով, իսկ Չինաստանը իր հերթին ոչինչ չի խնայում իր լեզուն սովորողների համար՝ առաջարկելով բազմաթիվ ծրագրեր ու հնարավորություններ:
Մինչև այսօր էլ, չինարենը իմ կյանքի անբաժանելի մի մասնիկն է: Հետաքրքիր է, որ օրվա ընթացքում ամենաուրախ րոպեներին եմ սկսում չինարեն պարապել ու նոր բաներ սովորել: Սա իմ ամենամեծ ձերռբերումներից մեկն է՝ չինարենը ոչ թե օրվա պարտականություն է, այլ ուրախության դրսևորում: Բախտավոր եմ, որ իմ մասնագիտությունը հենց չինարենն է, որը սիրում եմ անսահման ու ամենակարևորը, որ ինձ ստիպողաբար տարան այն ֆիլմը դիտելու:
Դե դուք էլ պահեք Ձեր չինական երազանքը ու վստահ եղեք՝ անպայման կկատարվի:
Անուշ Լազարյան