Չինաստանից ԵՄ է մեկնել 4722 գնացք
January 20, 2021
Քուաֆուն հետապնդում է Արևին/夸父逐日
March 3, 2021

Փանկուն բաժանում է երկինքը և երկիրը

Ըստ չինական դիցաբանության` երկինքն ու երկիրը, սարերն ու գետերը, ամեն ինչ Փանկու անունով մի մարդ է ստեղծել։ Ահա թե ինչպես է նա ստեղծել աշխարհը։

Երբ երկիրը դեռ չէր ձևավորվել, ամեն ինչ գտնվում էր քաոսում․ երկինքն ու երկիրը միախառնված էին և ձվի տեսք ունեին։ Փանկուն ապրում էր այդ ձվի մեջ։ Տասնութ հազար տարի այդտեղ ապրելուց հետո Փանկուն դուրս է գալիս ձվից, և երկինքն ու երկիրը սկսում են անջատվել միմյանցից։ Ձվից առանձնացած մաքուր և թեթև Յանգ-ը դառնում է երկինքը, իսկ կեղտոտ, պղտոր և ծանր Ին-ը դառնում է երկիրը։ Փանկուն, որ կանգնած էր երկնքի և երկրի միջև, հենվելով իր ոտքերին ու ձեռքերով հրելով երկինքը, հեռացնում էր դրանք իրարից։ Նա ամեն օր ենթարկվում էր բազում փոփոխությունների։ Այդ փոփոխությունները երկնքից ու երկրից  ավելի սուրբ էին։ Ամեն օր երկինքը երեք մետրով ավելի էր բարձրանում, իսկ Երկիրը երեք մետրով ավելի էր իջնում։ Փանկուն ամեն օր նույնպես երեք մետրով ավելի բարձրահասակ էր դառնում։

Այսպես շարունակվեց ևս տասնութ հազար տարի։ Երկինքը շատ բարձրացավ, Երկիրն էլ շատ իջավ։ Իսկ Փանկուն շատ ավելի բարձրահասակ դարձավ։ Այս ամենից հետո երկնքի և երկրի միջև առաջացան Երեք Ինքնիշխան Աստվածությունները՝ երեք Կայսրերը՝ առասպելական Ֆուսին, Շննոնը և Նյուվան։

Առաջացան նաև թվերը։ Թվերը սկսվեցին 1-ից, իսկ 3-ից դրանք սկսեցին աճել և 9-ով ավարտվեցին։ Այդ է պատճառը, որ Երկնքի և Երկրի միջև հեռավորությունը 90․000 մղոն է։

Փանկուն, որ ստեղծվել էր ամեն ինչից առաջ, երբ նույնիսկ դեռ երկինքն ու երկիրը անջատված չէին իրարից, իր մահով դրեց կյանքի սկիզբը։ Նրա մարմինը ձևափոխվեց, շունչը դարձավ զով քամի և երկնքում ճախրող ամպեր։ Ձայնը դարձավ որոտ, ձախ աչքը՝ արև, իսկ աջը՝ լուսին։ Չորս վերջույթները և մարմնի հինգ հիմնական մասերը համապատասխանաբար դարձան աշխարհի չորս կողմերում գտնվող ու երկինքը պահող չորս հսկա սյուներն ու հինգ սրբազան լեռները։ Նրա արյունից առաջացան երկրի վրա հոսող գետեր։ Երակներն ու զարկերակները դարձան բարձր լեռնաշղթաներ և ճանապարհներ։ Մկաններն ու մաշկը դարձան բերրի հողեր։ Նրա գլխի և դեմքի մազերը վերածվեցին պայծառ աստղերի, որ շողշողում էին երկնակամարի վրա, իսկ մարմնի մազածածկույթը դարձավ երկրի վրայի առատ բուսականությունը՝ կանաչ խոտ, բազմերանգ ծաղիկներ և հաստաբուն ծառեր։ Ատամներն ու ոսկորները դարձան քարեր և մետաղ, ոսկրածուծը՝ թանկարժեք նեֆրիտ ու մարգարիտ։ Նրա քրտինքը դարձավ անձրև ու լիճ։ Նույնիսկ Փանկուի մարմնի վրայի փոքրիկ միջատները, որոնց քամին քշեց այս ու այն կողմ, դարձան մարդիկ։