Չինաստանում զարկ են տալիս ֆուտբոլի զարգացմանը
August 17, 2018
Օգոստոսի 22-ին կբացվի «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամը
August 20, 2018

Վարչապետը ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության շարունակական զարգացումը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունն այդ հարցում ունի մեծ սպասելիքներ ու ակնկալիքներ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել չինական կողմին մեր երկրին ցուցաբերվող ֆինանսական և տեխնիկական օժանդակության համար և հույս հայտնել, որ այն կկրի շարունակական բնույթ:

Իր հերթին, Թիան Էրլունը նշել է, որ Չինաստանը ևս պատրաստ է ջանքեր գործադրել ընդլայնելու, խորացնելու և նոր մակարդակի բարձրացնելու երկկողմ փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով, այդ թվում քաղաքական և տնտեսական: Դեսպանը հավելել է, որ եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները լավ հնարավորություններ են տալիս խթանելու տնտեսական փոխգործակցությունը և նշել, որ այդ նպատակով անհրաժեշտ է շարունակել ինտենսիվ աշխատանքները, այդ թվում՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում:

Դեսպանը հավելել է, որ ընթացիկ տարվա ընթացքում արդեն իսկ երկու երկրների միջև արձանագրվել է առևտրաշրջանառության ծավալների 41 տոկոսի աճ և հեռանկարային համարել կապերի զարգացումը արդյունաբերության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Միաժամանակ, Թիան Էրլունն ընդգծել է, որ հաջողությամբ ընթացքի մեջ են Երևանում չինական դպրոցի կառուցման աշխատանքները, իսկ աշնանը մեր երկրին կհատկացվի շուրջ 200 շտապ օգնության նոր ավտոմեքենաներ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: