Չինական հագուստ
October 27, 2018
Չինական թեյի ավանդույթները
October 30, 2018

Հարսանեկան ավանդույթները Չինաստանում

Հին Չինաստանում հարսանեկան ծեսակատարությունը երկարատև և բարդ արարողություն էր, որի առաջին փուլը հանդիսանում էր խնամախոսությունը:

Փեսացուի ընտանիքը ենթադրվող հարսնացուի ընտանիքին ուղարկում էր կյանքի ութ հիերոգլիֆերով արտացոլված «նախնական նամակ», որտեղ նշվում էր փեսացուի ծննդյան ժամը, օրը, ամիսը և տարեթիվը:

Այս տվյալներով հարսնացուի ծնողները դիմում էին բախտագուշակի,և,եթե գուշակությունը բարենպաստ ընթացք և ավարտ էրցույց տալիս, ապա անմիջապես փեսացուի ծնողներին պատասխան նամակով տեղեկացնում էին հարսնացուի ծննդյան տվյալների մասին: Փեսացուի ընտանիքը ևս դիմում էր բախտագուշակի

Առաջին փուլը հաջողությամբ հաղթահարելու դեպքում, փեսացուի ընտանիքը հարսնացուին զանազան նվերներ էր ուղարկում, այսպիսով կնքելով «փոքր համաձայնագիր»: Այնուհետև երկու ընտանիքները երջանկություն խորհրդանշող կարմիր գույնի թղթերի վրա գրված «ամուսնական հանձնարարագրեր» էին փոխանակում, որտեղ մանրամասն տեղեկատվություն էր հաղորդվում նորապսակների և նրանց ընտանիքների մասին: Այստեղ նշվում էր «թեյի նվեր» անվանված հարսնացուի համար վճարվող գումարի չափը (թեյը Չինաստանում բերրության և ամուսնական հավատարմության խորհրդանիշ է):

Հարսանյաց օրը նշանակում էին փեսացուի ծնողները նախապես խորհրդակցելով գուշակի հետ: Գուշակի միջոցով էր կազմվում նաև հարսանեկան հյուրերի ցանկը:

Ակսպիսով բծախնդրորեն ընտրված հարսանիքի օրվա մասին հաղորդվում էր հարսնացուի ծնողներին նամակի միջոցով: Նամակի հետ մեկտեղ ուղարկվում էին նաև հարսնացուի համար վճարվող գումարը, հարսանեկան զգեստը, զանազան այլ պարագաներ, ցորենի և բրնձի բլիթներ: Բլիթները այնուհետև բաժանվում էին երկու ընտանիքների  ընկերներին և բարեկամներին, այդպիսով տեղեկացնելով նրանց կայանալիք հարսանիքի մասին:

Հարսանիքի նախորդ օրը ինչպես հարսնացուի, այնպես էլ փեսացուի տանը խնջույք էր կազմակերպվում: Այդ օրը հարսնացուի ավանդական կերակուրն էր փեսացուի ընտանիքի կողմից ուղարկված խոզի կամ աքաղաղի միսը:

Հարսանիքի օրը վաղ առավոտից հարսնացուն զուգվում էր, պատրաստվում իր ամուսնու տուն տեղափոխվելուն, հրաժեշտ տալիս իր ծնողմերին, հարազատներին ու ընկերներին: Հարսնացուին արգելվում էր սնվել հարսանիքից առաջ ի տարբերություն փեսացուի, որն իր առավոտը սկսում էր միս ճաշակելով ի նշան ապագա ընտանիքի բարեկեցության:

Փեսացուի ընտանիքի ներկայացուցիչները  երաժիշտների և աղախինների    ուղեկցությամբ գնում էին հարսնացուին բերելու:

Հարսին բերելուն պես փեսացուի տան բակում «Երկնքի և Երկրի» աստվածների պաշտամունքի արարողությունն էր սկսվում: Ծեսակատարության  վարողների ուղեկցությամբ հարսը և փեսան հատուկ գորգի վրայով մոտենում էին  զոհաբերության սեղանին, որտեղ փեսան մոմեր էր վառում և «չորս երկրային խոնարհումներով» հարգանքի տուրք մատուցում Երկնքի և Երկրի Արևի և Լուսնի ոգիներին,տիրակալներին և վերջապես ծնողներին: Հարսնացուն անշարժ կանգնած ամուսնու աջ կողմում, խոնարհվում էր հետևեով նրան: Ծեսակատարության վերջում երիտասարդները չորս անգամ խոնարհվում էին միմյանց: Երկնքի և Երկրի ոգիներին պաշտամունքի այս ծեսակատարությունը, կարծես, փաստում էր արդեն իսկ  կայացած ամուսնության մասին:

Հարսանյաց օրը փեսայի տանը խնջույքի էին հավաքվում բազմաթիվ հյուրեր, այդ թվում նաև հարսի ծնողները: Բոլոր հրավիրվածները պարտավորվում էին ներկայանալ նվերներով, հաճախ, գումարի տեսքով: Ցանկալի  նվերներ էին նաև երկարակեցության, ուրախության և բարեկեցության  աստվածների պատկերները: Բարեմաղթանքներով հագեցած այս նկարները տեղ էին գտնում նորապսակների սենյակում:

Խնջույքի ընթացքում հնչում էր երաժշտություն, մատուցվում գինու լավագույն տեսակներ: Ավանդույթի համաձայն, հարսնացուն հարսանեկան հյուրասիրությունից օգտվելու իրավունք չունի:

Ամուսնական առաջին գիշերվա ընթացքում նորապսակների սենյակում անմար էր «երկարակեցության կրակը»:

http://ac.aua.am